Իրավապահ համակարգի մեդիակոմունիկացիան քաղաքականացված է. իրավաբան – armeniatoday.am

Նախընտրական շրջանում իրավապահ համակարգի մեդիակոմունիկացիան ակնհայտ քաղաքականացված է, «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ըստ նրա՝ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունները խնդրահարույց են անկողմնակալության տեսանկյունից։

«Լուրջ խնդիր է հաղորդագրություններում քաղաքական ուժի անվանումը նշելը, տեսանյութում սիմվոլիկան կամ հանրահավաքներից կադրեր ներկայացնելը»,- նշել է փաստաբանը

Նա հավելել է, որ այս հարցը բարձրաձայնելու են միջազգային դիտորդների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև։

Խուդոյանի պնդմամբ՝ թեև իրավապահ մարմիններն ունեն հանրությանն իրազեկելու պարտականություն, սակայն չեզոք պաշտոնական տեղեկատվությանը այս պարագայում փոխարինվում է «ռեժիսորական լուծումներով»։

«Այդ կարճ, չոր պաշտոնական ինֆորմացիային փոխարինելու են գալիս մոնտաժային հնարքներով և ռեժիսորական լուծումներով տեսանյութեր, որոնք հատկապես թիրախավորում են ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ նշելով նրանց անունները և ցույց տալով գործի հետ կապ չունեցող կադրեր»,-նշել է փաստաբանը։

Ըստ նրա՝ սա ոչ թե հանցագործությունների կանխում է, այլ քաղաքական հակաքարոզչություն։

Իրավաբանն ընդգծել է, որ նման հաղորդագրությունները հաճախ իրավական նշանակություն չունեն, այլ նպատակ ունեն ինֆորմացիա մատակարարել քաղաքական օրակարգի համար։ 

Որպես օրինակ նա մատնանշել է հրապարակված ձայնագրությունները, որոնցում առկա արտահայտությունները իրավական առումով ոչինչ չեն նշանակում, սակայն դառնում են քաղաքական խոսույթի մաս։

«Օրինակ՝ երբ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ենթադրաբար ինչ-որ աշխատող կամ վստահված անձ, խոսելով նույն ոլորտում գործող մարդկանց մասին, ասում է «շուն-շանգյալ», ապա արտահայտությունը իրավական ոչ մի նշանակություն չունի, և Հակակոռուպցիոն կոմիտեն դա հրապարակելու կարիք չուներ»,-նշել է նա։

Փաստաբանն անդրադարձել է նաև մայիսի 14-ին «Հայաստան» դաշինքի վերաբերյալ հրապարակված ձայնագրությանը՝ շեշտելով, որ հաղորդագրությունը հանրությանը ներկայացվել է որպես բացահայտ ճշմարտություն դեռ այն ժամանակ, երբ անձինք չէին հարցաքննվել։ 

Ըստ նրա՝ անմեղության կանխավարկածի մասին հիշեցումները կրում են ձևական բնույթ։

Խուդոյանը նաև հավելել է, որ 2021 թվականից ի վեր կան նախադեպեր, երբ նմանատիպ աղմկոտ հաղորդագրություններից հետո դատարաններն արդարացման վճիռներ են կայացրել, սակայն այդ մասին հանրության իրազեկումը նույն ինտենսիվությամբ չի իրականացվում։

«Օրենքով դատախազությունը պարտականություն ունի արդարացված անձից ներողություն խնդրել։ Սակայն իրենց պաշտոնական կայքում հրապարակված մեղադրական տոնայնությամբ նյութերից հետո, արդարացման դեպքում ներողությունը հրապարակում են ինչ-որ երկրորդական կայքերում՝ ոչ աշխատանքային ժամերին»,- եզրափակել է նա։

Մարտի 30-ից սկսած իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ: Դաշինքի անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է նաև «Կանդազ» անունով, երկու ամսով կալանավորվել էր։

Ձերբակալությունների նոր ալիքն սկսվել էր մայիսի 8-ին՝ Շիրակի մարզի Անի համայնքում և Մարալիկ քաղաքում կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո: Այս ձերբակալությունները հաջորդել էին դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարություններին, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական ​​​​հայց էր ներկայացնել։ Մայիսի 12-ին

և 13-ին ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին էր հայտնել: «Ուժեղ Հայաստան»-ն այս գործողությունները քաղաքական հետապնդում է համարում և նշում, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։

Leave a Comment