Պեկինյան «մեծ հրադադար». նոր աշխարհակարգի ստվերը

Պեկինյան «մեծ հրադադար». նոր աշխարհակարգի ստվերը

Իննամյա ընդմիջումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը Չինաստան համաշխարհային քաղաքականության «մեծ վերբեռնման» նախերգանք է։ Թրամփին Պեկինում ցուցաբերված բարձրակարգ ընդունելության քողի ներքո Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը, մատնանշելով «Թուկիդիդեսի թակարդի» ֆենոմենը, շատ ուղիղ քաղաքական պահանջ դրեց ԱՄՆ-ի առաջ՝ ընդունել երկբևեռ աշխարհակարգի և Չինաստանի՝ որպես հավասար համաշխարհային գերտերության փաստը՝ խուսափելու համար այդ կարգավիճակը ռազմական միջոցով նվաճելու հեռանկարից։ Իրանական չհաջողված «քեյսով» (գործով) Պեկին ժամանած Թրամփն իր անսահման կոմպլիմենտներով փաստացի վերահաստատեց, որ Վաշինգտոնը ճանաչում է Պեկինի այդ կարգավիճակը։

Չափազանցված սպասելիքներն ու «տարաձայնությունների կառավարելիությունը»

Այցի վերաբերյալ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարություններից հետևում է, որ կողմերը համաձայնել են հետագա հարաբերություններն առաջ մղել «կառուցողական ռազմավարական կայունության» նոր հայեցակարգով, որը խարսխվում է երեք սկզբունքի վրա՝ համագործակցությունը՝ որպես հիմնասյուն, առողջ մրցակցություն՝ պատշաճ սահմաններում, տարաձայնությունների կառավարելիություն և կայուն խաղաղություն։

Մեդիայի հետ ավելի բաց շփվելու մարտավարությունը Թրամփին և նրա վարչակազմին թույլ տվեց ի սկզբանե ձևավորել նախնական կարծիք, թե Վաշինգտոնը հասել է իր բոլոր հիմնական ակնկալիքներին։ Մասնավորապես՝ ձեռք են բերվել համաձայնություններ ամերիկյան կիսահաղորդչային տեխնոլոգիաներին չինական ընկերությունների հասանելիության ապահովման (դրանք չկրկօրինակելու պայմանով), Չինաստանից շուրջ 150 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման, 200 «Boeing» ինքնաթիռների պատվերի, ինչպես նաև ԱՄՆ-ից էներգակրներ գնելու վերաբերյալ։ Դրանք հնարավորություն կտային ԱՄՆ-ին կրճատել առևտրային դեֆիցիտը և Չինաստանի տնտեսական աճը կախվածության մեջ դնել ամերիկյան մատակարարումներից։

Մինչդեռ Պեկինից հնչող հայտարարությունները և այն հանգամանքը, որ պետական այցն ավարտվեց առանց կոնկրետ համաձայնագրերի կնքման, վկայում են, որ ԱՄՆ-ն չի հասել ցանկալի արդյունքների։ Ավելին՝ Սի Ծինպինը Թրամփի՝ Պեկինում գտնվելու հանգամանքն օգտագործեց զգուշացնելու համար, որ Թայվանի հարցում «Մեկ Չինաստան» սկզբունքն իր համար մնում է «կարմիր գիծ». Թայվանի անկախության կոնցեպտը և խաղաղությունն անհամատեղելի են։ Նա զգուշացրել է, որ այդ հարցում ԱՄՆ-ի հետագա սկզբունքայնությունը կարող է հանգեցնել ընդհուպ ռազմական հակամարտության։ Դեռ այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Թայվանի հարցում ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը։ Սա նշանակում է, որ Պեկինի համար ամենասկզբունքային հարցում կողմերի մոտեցումների մերձեցում տեղի չի ունեցել։

Գործնականում միակ կետը, որտեղ դիրքորոշումների որոշակի համընկնում է եղել, Հորմուզի նեղուցի բացման և առանց գանձումների ազատ երթևեկության ապահովման հարցն է։ Բայց ընդհանուր իրանական ճգնաժամի կտրվածքով տարաձայնությունները խորն են. մասնավորապես՝ այն դեպքում, երբ Վաշինգտոնը պնդում է Իրանի անվերապահ հրաժարումը միջուկային ծրագրից՝ սպառնալով ռազմական գործողությունների վերսկսմամբ, Պեկինը խոսում է հարցը բանակցություններով հանգուցալուծելու մասին։

Թրամփի իրանական սայթաքման հետևանքները և Մոսկվայի խուճապը

Պեկինի կողմից նման մոտեցումը սպասելի էր. Թրամփի պետական այցը տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով նրա թե՛ արտաքին և թե՛ ներքին հեղինակության անկման, ԱՄՆ միջազգային դիրքերի էական թուլացման պայմաններում։ Սակայն հատկանշական է, որ համաշխարհային երկու մրցակից գերտերությունները, ըստ էության, գոնե այս փուլում նախընտրությունը տալիս են դիմակայությունը չխորացնելուն, նոր «սառը պատերազմից» խուսափելուն և ճգնաժամերի համատեղ կառավարելիությանը։ Սա չափազանց կարևոր ազդակ է աշխարհի բոլոր անկյունների համար՝ նորովի պարագծելու իրենց շահերը նոր ստատուս քվոյի համատեքստում։ Այս ամենը հետաքրքիր վիճակի մեջ է դնում Ռուսաստանին։

Պեկինն այս գագաթաժողովում առաջարկեց, իսկ Վաշինգտոնն էլ կարծես ընդունեց հենց երկբևեռ՝ ԱՄՆ-Չինաստան աշխարհակարգի հաստատումը։ Համաշխարհային կայունությունը միասին հսկելու շուրջ պայմանավորվածությունը դրա վկայությունն է։ Այս հավասարման մեջ Ռուսաստանին փաստացի վերապահվում է առավելագույնը «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակ։ Չինաստանի համար այն այլևս սոսկ «ռազմավարական թիկունք» է և էժան ռեսուրսների աղբյուր։ Այս պայմաններում Մոսկվան դեռ պետք է որոշի՝ Պեկի՞նն է իր համար ավելի լուրջ գլխացավանք, թե՞ Վաշինգտոնը, և կողմերից որի՞ կրտսեր գործընկերոջ կարգավիճակն է իրեն ավելի հարմար։

Գլոբալ խաղացողից խաղաքարի վերածվելու հեռանկարն է ստիպում Մոսկվային հիմա շտապ կազմակերպել Պուտինի այցը Պեկին։ Մոսկվան ուզում է հասկանալ՝ ինչ կարգավիճակ են Պեկինն ու Վաշինգտոնը վերապահել իրեն, և ինչքանո՞վ են Թրամփի ու Սի Ծինպինի պայմանավորվածությունները շոշափում իր գլոբալ շահերը։

Այն փաստը, սակայն, որ Թրամփի այցը Պեկին իսկապես բեկումնային չդարձավ, և կողմերը միջազգային օրակարգի ամենասուր հարցերում շարունակում են մնալ իրենց «կարմիր գծերի» տիրույթում, Պեկինին թույլ է տալիս օգտագործել ռուսական գործոնի խաղաքարտը՝ Վաշինգտոնին ավելի զիջողական դարձնելու հետագա պլաններում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու պատուհանը բաց պահելու հանգամանքը Պեկինին թույլ է տալու նաև ավելի մեծ հարմարվողականության մղել Մոսկվային։ Այս իմաստով թե՛ Պուտինի՝ ուկրաինական հարցում, թե՛ Թրամփի՝ իրանական հարցում ձախողումները Չինաստանին դրել են միջազգային «գրոսմայստերի» դերում։ Թե ինչպես նա կտանի պարտիան, կերևա թերևս մինչև սեպտեմբեր. Թրամփը Սի Ծինպինին հենց այդ ամսին է հրավիրել Վաշինգտոն։

Leave a Comment