«Ռոսսելխոզնադզորը»-ը տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական մի շարք ձեռնարկություններում, տեղեկացրել է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ «Ռոսսելխոզնադզորը»-ը նման որոշում է կայացվել ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում։
Նշվել է, որ հայկական կողմի խնդրանքով ստուգումներ կանցկացվեն այն ձեռնարկություններում, որոնց մատակարարումները Ռուսաստան ժամանակավորապես կասեցվել էին։ Պատճառը եվրոպական ծագման ենթադրաբար կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածն է։
«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ իշխանն իր մորֆոլոգիական հատկանիշներով չի համապատասխանել ներկրված ձկանը։ Այն ունեցել է այդ տեսակին ոչ բնորոշ գունավորում և անոմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ։ Սա վկայում է, որ ձուկը պատկանում է սաղմոնների ընտանիքի այլ տեսակի կամ իշխանի այլ տեսակների, ինչը ապրանքի կեղծված լինելու նշան է»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Ռոսսելխոզնադզորը» հավելել է, որ սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ է եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։
Բացի այդ, հայկական կողմի խնդրանքով, «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգումներ իրականացնել նաև հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում՝ նպատակ ունենալով ապահովել իրապես հայկական և ֆիտոսանիտարական առումով անվտանգ արտադրանքի մուտքը ռուսական շուկա։
Ծառայությունը նաև իր մտահոգությունն է հայտնել Հայաստանից Ռուսաստան ներկրվող բուսական արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի կապակցությամբ։
Գերատեսչությունը հավելել է, որ ներկայումս ուժեղացվել է Հայաստանից բերվող բուսական արտադրանքի ֆիտոսանիտարական հսկողությունը, իսկ 2026 թվականի մայիսի 19-ից նախատեսվում է, որ «Ռոսսելխոզնադզորի» կենտրոնական ապարատից լրացուցիչ մասնագետներ կներգրավվեն։
Դանկվերտն ապրիլի սկզբին հայտարարել էր Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։
