Նախկին համայնքապետը մեղադրվում է Հրազդանին 26 մլն դրամի վնաս պատճառելու մեջ

Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման և պաշտոնական կեղծիքներ կատարելու համար, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը հավելել է, որ նրա  գործողությունների հետևանքով Հրազդան համայնքին պատճառվել է շուրջ 26 մլն դրամի վնաս։ Դանիելյանի և գործով անցնող մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց  կիրառվել է բացակայելու արգելքը։

Դատախազության տվյալներով՝ նախկին պաշտոնյան, 2002-2018 թվականներին զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքի խախտմամբ օտարել է 12 հողամաս։

Քննության տվյալներով՝ Դանիելյանը համայնքապետարանի հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանի մասնակցությամբ ձևականորեն կազմակերպել է աճուրդներ, որտեղ հաղթող են ճանաչվել իր ընտանիքի անդամները։ Գործով մեղադրյալ է նաև Կոստանյանը, նախկին համայնքապետի կինը, երկու եղբայրները և համայնքապետարանի մեկ աշխատակից։

Նշվում է, որ օտարված հողամասերը հասարակական և բնակելի կառուցապատման նշանակության էին՝ 80-ից մինչև 2000 քմ մակերեսով։ Դրանք վաճառվել են շուկայականից անհամեմատ ցածր գներով։ Մասնավորապես՝ հողամասերից ամենամեծը, որը տվյալ պահին ունեցել է 8,5 մլն դրամ շուկայական արժեք, օտարվել է ընդամենը 3 մլն դրամով։

Բոլոր 6 մեղադրյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները և հրաժարվել են ցուցմունք տալուց։

Leave a Comment