Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, որը հունվարին ավելի քան հինգ տարի ադրբեջանական գերությունից հետո վերադարձել էր Հայաստան, հայտարարել է, որ մինչ օրս պետությունից չի ստացել ո՛չ բժշկական օգնություն, ո՛չ էլ բնակարան։
The Armenian Report-ին տված հարցազրույցում Էուլջեքչյանը հայտնել է, որ գերության ընթացքում իր մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ՝ ողնաշարի, ոտքի, պարանոցի և սրտի հետ կապված, որոնք, նրա խոսքով, պայմանավորված են խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով։ Նրա կինը՝ Լինդան, ավելի վաղ պատմել էր, որ վերադարձից հետո ամուսինը չի կարողանում քայլել առանց կորսետի և կորցրել է մի ականջի լսողությունը։
Ապրիլին Էուլջեքչյանը վիրահատության էր ենթարկվել։ Ազատ արձակումից հետո անցած չորս ամիսների ընթացքում նա դեռևս հստակ բուժում չի ստացել․ նրան տարբեր կլինիկաներ են ուղղորդում, սակայն պատասխաններ չեն տալիս։
Նշվում է, որ փաստաբան Լուսինե Մինասյանը շաբաթական մի քանի անգամ դիմել է Առողջապահության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, վարչապետի աշխատակազմ և քաղաքապետարան, սակայն, նրա խոսքով, որևէ գերատեսչություն չի արձագանքել։
Նրա խոսքով՝ դեղորայքի ամսական ծախսերը կազմում են շուրջ 350 դոլար։ Էուլջեքչյանը նաև հայտնել է, որ բնակարան չունի և գիշերում է ծանոթների տներում՝ ամեն անգամ տարբեր վայրերում։
Փաստաբանը դրամահավաք է կազմակերպել բուժման և բնակարանի հարցերը լուծելու համար։
Գերության ընթացքում Էուլջեքչյանը կորցրել է ծնողներին և ավագ եղբորը։ Նրա կինն ստանձնել է մահացած եղբոր չորս երեխաների խնամակալությունը, իսկ դուստրը ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էր ընդհատել ուսումը։
Էուլջեքչյանն ազատ էր արձակվել գերիների փոխանակման գործընթացի շրջանակում։
