ՀԱՊԿ-ը կատարելագործում է իր մեխանիզմները. Մասադիկով – armeniatoday.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է կատարելագործել իր աշխատանքը և իր մեխանիզմները հարմարեցնել նոր իրողություններին, ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի ուղերձում՝ ՀԱԿՊ ստորագրման 34-ամյակի առթիվ։

Նրա խոսքով՝ ավելի քան 30 տարի առաջ Տաշքենդում ընդունված որոշումը «ճակատագրական նշանակություն ունեցավ եվրասիական տարածքի համար» և հիմք դրեց հավաքական անվտանգության արդյունավետ համակարգի ձևավորմանը։ Մասադիկովը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է հարմարվել նոր պայմաններին, սակայն 1992 թվականի պայմանագրի ոգուն և հավասարության սկզբունքներին հավատարիմ մնալը մնում է անփոփոխ։

«Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն առաջնորդների քաղաքական իմաստությանը, որոնք կանգնած էին ՀԱՊԿ-ի ստեղծման ակունքներում և կարողացան ժամանակի բարդ պայմաններում տեսնել դաշնակցային հարաբերությունների անփոփոխ արժեքը»,- նշել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ-ը քաղաքական համաձայնագրից վերածվել է բազմաոլորտ կառույցի՝ զգալի ռազմաքաղաքական ներուժով։ Նա նշել է, որ արտաքին քաղաքական քայլերի համակարգումը, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռսպառնալիքների դեմ համատեղ պայքարը դարձել են անդամ երկրների համագործակցության առօրյա գործելակերպը։

Մասադիկովը վստահություն է հայտնել, որ ապագայում ևս համատեղ ջանքերով կապահովեն անվտանգությունը ՀԱՊԿ ամբողջ տարածքում։

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է 1992 թվականից։

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում վերջին տարիներին լարվածություն է նկատվում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպությունը չի արձագանքել Հայաստանի անվտանգության հարցերին, մասնավորապես՝ սահմանային իրավիճակին վերաբերող խնդիրներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։

Leave a Comment