Մակրոնի Գյումրի այցն ուղեկցվել է միջադեպով. ԶԼՄ – armeniatoday.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 5-ին՝ Գյումրի կատարած այցի ընթացքում արձանագրվել է միջադեպ, որը զարմացրել է ֆրանսիական պատվիրակությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը

Ըստ պարբերականի՝ ծրագրված էր Մակրոնի այցը Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10 դպրոց, ինչին կրթօջախը պատրաստվել էր շուրջ երեք ամիս։ Սակայն այցը չեղարկվել է օրակարգային փոփոխությունների պատճառով. Մակրոնի պատվիրակությունը ժամանել է ժամանակին, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշացել է:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, տեսնելով, որ չեն հասցնում այցելել կրթօջախ, դպրոցի տնօրինությանը հրավիրել է Վարդանանց հրապարակ, որտեղ նախատեսված էր համերգային ծրագիր։ Սակայն հրապարակում դպրոցի անձնակազմը բախվել է վարչապետի թիկնազորի դիմադրությանը։

Թերթը գրել է, որ ետնաբեմում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը վայր է ընկել։ Իրավիճակին ստիպված էր միջամտել Մակրոնի աշխատակազմի ներկայացուցիչները՝ հավաստիացնելով, որ մարդիկ այնտեղ են Ֆրանսիայի նախագահի անձնական հրավերով։ 

Դպրոցի սաներն այդպես էլ չեն կարողացել ներկայացնել իրենց պատրաստած միջոցառումը և բավարարվել են միայն Մակրոնի հետ լուսանկարվելով։

Թեև դպրոցի ֆեյսբուքյան էջը պաշտոնապես հայտնել է ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի այցի և նախագահի հատուկ հրավերով համերգին մասնակցելու մասին, սակայն միջադեպի մանրամասները պաշտոնական լրահոսում չեն հիշատակվել։

Leave a Comment