«Տաղարան»-ը Նշում Է Իր 45-Ամեակը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Մ. ԳԷՈՐԳԵԱՆ

Տարին յոբելենական է «Տաղարան»-ի համար. հնագոյն երաժշտութեան համոյթը տօնում է իր 45-ամեակը` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ Սեդրակ Երկանեան: Մօտ կէսդարեայ պատմութիւն կերտած այս բացառիկ համոյթը, իր տաճարային երաժշտութեամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Իւրաքանչիւր համերգի «Տաղարան»-ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմական բեմահարթակից հնչեցնելով 5-15-րդ դարերի հայ ազգային մշակոյթի բացառիկ արժէքներ` շարականներ, տաղեր, հոգեւոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագոյն երաժշտութիւն:

«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունէութեամբ, ազգային ու համամարդկային մշակութային ժառանգութիւնը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին: Անգնահատելի է համոյթի դերը մերօրեայ մշակութային պատմութեան կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում:

2026-ի իւրաքանչիւր համերգ սպասուած տօնակատարութիւն է լինելու հանդիսատեսի համար` իր ուրոյն ձեռագրով ապահովելով մշակութային հրավառութիւն:

Սկիզբը 1981-ն էր, երբ Գրիգոր Դանիէլեանը, նոյն ինքը` Դանիէլ Երաժիշտը, հիմնեց «Շարական» հնագոյն երաժշտութեան համոյթը` ղեկավարելով այն մինչեւ 1985: Համոյթի անուանումը յուշել է իր ուսուցիչը` երաժշտագէտ Ռոբերտ Աթայեանը: Մաեսթրոն առաջնորդուել է այն գաղափարով, որ եթէ 200-300 տարուայ մշակութային պատմութիւն ունեցող երկրները կարող են հնագոյն երաժշտութեան համոյթներ ունենալ, ապա հազարամեակների պատմութիւն ու մշակոյթ ունեցող հայ ազգը աներկբայօրէն պէտք է ունենայ իր հնագոյն երաժշտական ստեղծագործութիւնները արհեստավարժ կատարմամբ ներկայացնող եւ աւետող համոյթ: 1985-ին Արամ Խաչատրեան համերգասրահում տեղի է ունենում «Շարական» համոյթի ձայնագրութիւնը: 1986-ին թողարկւում է «Շարական» հնագոյն երաժշտութեան համոյթի ձայնասկաւառակը` «Մելոտիա»-ի կողմէ: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Ա.ն, խորապէս կարեւորելով համոյթի տեղը եւ դերը, որոշում է կայացնում զայն ընդգրկել եկեղեցական միջոցառումների շարքում` տալով իր օրհնութիւնն ու բարեմաղթանքը: Համայնավար կուսակցութեան ղեկավարութեան առաջարկով հնագոյն «Շարական»-ը անուանակոչուել է «Տաղարան», քանի որ անուանումն ունէր կրօնական ու հոգեւոր բնոյթ:

«Տաղարան»-ի առաքելութիւնն ի սկզբանէ եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագոյն երաժշտութիւնը: 1987-ին «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի ղեկավարութիւնը ստանձնում է յօրինող Երուանդ Երկանեանը: 1988-ին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ: Այս տարիներին համոյթը ծաղկունք ապրեց, ներկայացաւ այլ հարթութեան բարձունքից` հաղորդելով նոր շունչ ու որակ: Երուանդ Երկանեանը «Տաղարան»-ի համար մշակել է 350-ից աւելի հայ հոգեւոր, ժողովրդական, ազգային, հայրենասիրական ստեղծագործութիւններ, որոնք առանձնանում են բարձրաճաշակ, երկանեանական հոգու նուրբ ձեռագրով: Երուանդ Երկանեանի մշակումները առանձնայատուկ են հայ հոգեւոր երգարուեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, յօրինումի բարձր վարպետութեամբ: Այդ տարիներին «Տաղարան»-ը, առաջին անգամ, հանդիսատեսին է ներկայացրել Քլաուտիօ Մոնթեվերտիի «Պոպէայի թագադրութիւնը»-ը, Քրիսթոֆ  Կլիւքի «Օրփէոս եւ Էւրիտիկէ» եւ Ա. Տիգրանեանի «Անուշ» օփերաները` համերգային ձեւաչափով: Երուանդ Երկանեանի ղեկավարութեան օրօք, 1990-ին «Մելոտիա»-ի կողմից Մոսկուայում «Տաղարան»-ը ձայնագրւում ու թողարկում է ձայնասկաւառակ:

1994-ից համոյթը ղեկավարում է լաւագոյն մաեսթրոներից մէկը` դաշնակահար, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ Սեդրակ Երկանեանը , որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արուեստ ներկայացնելու իր առաքելութիւնը, այլ նաեւ բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ, որոնց մշակումներն ու գործիքաւորումները տասնամեակներ շարունակ ունկնդրին ուղեկցում եւ տեղափոխում են երաժշտութեան տիեզերական աշխարհ:

Մաեսթրօ Սեդրակ Երկանեանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունէութիւն է ծաւալում` ներկայացնելով հայ հոգեւոր միջնադարեան երաժշտութիւնից մինչեւ եւրոպական մինչդասական ու պարոքքօ շրջանի երաժշտութիւն: Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է Ամերիկայի սեւամորթների հոգեւոր երգեր, սպանական, ֆրանսական, իտալական, գերմանական, չինական հնագոյն երաժշտութեան ամբողջական պատկերներ: «Տաղարան»-ը լինելով միակը` գրեթէ կէս դար երաժշտական ոճային առանձնայատկութիւնով, բարձր վարպետութեամբ, մենակատարների ու նուագախմբի համահունչ ներդաշնակութեամբ, միշտ բարձրակէտում է, ակադեմական բեմից, ակադեմական հնչողութեամբ ճշմարիտ արուեստով կրթում ու դաստիարակում է որակեալ հասարակութիւն: Յիրաւի, համոյթի առաքելութիւնը մեր օրերում բարդ է, բայց Ս. Երկանեան մայեսթրոն գիտի, որ իւրաքանչիւր ճշմարիտ արուեստագէտ ինքն է իր ուղին հարթում յաղթահարելով բազմաթիւ խոչընդոտներ` ի շահ «Տաղարան»-ի Մաեսթրոն, հաւատարիմ մնալով իր համոյթի ծիներուն, կոմիտասեան ուղենիշը այցեքարտ դարձրած` կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարութեան եռահատորը: Նա քարտէսագրել, մշակել ու «Տաղարան»-ի երգացանկը հարստացրել է հորովելների, քոչարիների, հայկական խճանկարների, հարսանեկան յայտնի ու անյայտ երգերի ու պարեղանակների շարքերով: Համոյթը ներկայացրել է «Կարոս խաչ» վիպերգութիւնը եւ Յովհաննէս Թումանեանի հեքիաթների հիման վրայ գրուած «Վարք յիմարաց» խաղերգութիւնը (յօրինող` Դ. Սաքոյեան):

«Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթն իր 45 տարիների կարեւոր ու բեղմնաւոր գործունէութեան ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային փառատօների, յայտնի սթիւտիոների կողմից ձայնագրուել` թողարկելով ձայնասկաւառակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապէս արժանացել հեղինակաւոր հեռուստատեսիլի եւ ձայնասփիւռի  ծրագրեր ուշադրութեանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների: Համոյթը համերգային ծրագրերով հանդէս է եկել աշխարհի բազմաթիւ երկրներում` ներկայացնելով հայկական մշակոյթը, բարձր հնչեցնելով Հայաստան անունը:

 

 

Leave a Comment