Radar-զրույցի այսօրվա հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը։
Հարցին՝ ինչո՞ւ հենց «Ուժեղ Հայաստան»-ին ընտրեցիք, Էդգար Ղազարյանը նշեց.
«Այդ պայքարում պետք է արդյունք ունենալ, ընդդիմադիր գործիչների համար դա ինքնանպատակ չի։ Ես այդ կարգավիճակում պայքարում էի այս իշխանությունների դեմ։ Բնականաբար, ես միայնակ չէի կարող այդ խնդիրները լուծել, և պետք էր միանալ այն ուժին, որն ամենամեծ հնարավորությունն ու կարողությունն ուներ այդ խնդիրը լուծելու։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենամեծ հնարավորությունն ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Ստացվեց մեր համագործակցությունը, և ես միացա այդ արդյունավետ թիմին»։
Էդգար Ղազարյանն իրեն «նախկին» չի համարում՝ չնայած, որ պաշտոնավարել է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, եղել է Վայոց ձորի մարզպետ։
«Եթե մարդը պետք է ունենա կենսափորձ, դա նշանակում է, որ ինչ-որ մի ժամանակաշրջանում նա պետք է ինչ-որ պաշտոն զբաղեցրած լինի, որպեսզի փորձառություն ունենա»։
Անդրադառնալով այն փաստին, որ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետ լինել, և պետք է միջանկյալ վարչապետի թեկնածու նշանակեն, Ղազարյանը նշեց.
«Ընտրական օրենսգրքի իրավունքի ուժով՝ յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի առաջին համարի թեկնածուն համարվում է վարչապետի թեկնածու։ Մենք ազնիվ ենք մեր ժողովրդի հետ, հիմիկվանից պարզ ասում ենք, որ «Ուժեղ Հայաստան»-ին ընտրելիս ոչ թե վարչապետ է դառնալու մեր հիմիկվա առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը, այլ կարճ ժամանակվա ընթացքում կիրականացվի Սահմանադրության փոփոխություն. ընդ որում՝ այդ փոփոխությունը հանրաքվե չի նախատեսում։ Եվ եթե ժողովրդի վստահությունը մեր քաղաքական ուժը ստանա, մենք էլ կկատարենք ժողովրդի կամքը շատ կարճ ժամանակահատվածում։ Այսինքն՝ Ազգային ժողովը, որ հիմա կձևավորվի, կարճ ժամանակահատվածում կկատարի անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
