Radar Armenia-ի զրուցակիցն է տնտեսագետ Գագիկ Մակարյանը
– 2026 թվականի մայիսի 11-ից Թուրքիան պաշտոնապես հանել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի իրավական սահմանափակումները։ Թուրքիայի ԱԳՆ-ն ավարտել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանը ներառվել է թուրքական արտադրանքի ներմուծող երկրների ցանկում։ Նախկինում Հայաստան–Թուրքիա առևտուրն ի՞նչ ձևաչափով էր իրականացվում։
– Թուրքիայի հետ մեր առևտուրը երբեք չի ներկայացվել Թուրքիայի կողմից որպես պաշտոնական ուղղություն։ Թուրքիայի պետական վիճակագրական ծառայությունը Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը հաճախ ցույց է տվել որպես զրոյական, որովհետև պաշտոնապես սահմանները փակ էին, և դիվանագիտական հարաբերություններ չկային։ Այդ պատճառով իրական առևտուրը տեղի էր ունենում միջնորդավորված սխեմաներով։ Հայկական ընկերությունները թուրքական ապրանքներ ձեռք էին բերում, սակայն դրանք Հայաստան էին գալիս ոչ թե ուղղակի ձևակերպմամբ, այլ երրորդ երկրների միջոցով։ Օրինակ՝ հաճախ օգտագործվում էին Դուբայում կամ Վրաստանում գրանցված ընկերություններ։ Ապրանքը փաստացի գնում էին հայկական ընկերությունները, վճարում էին, բայց փաստաթղթերով այն ձևակերպվում էր այլ երկրի ընկերության անունով։
– Ինչո՞ւ էր նման միջնորդային համակարգն անհրաժեշտ։
– Պատճառն այն էր, որ պաշտոնական ձևակերպումներով Թուրքիան չէր ընդունում Հայաստանի հետ առևտրի գոյությունը։ Դրա հետևանքով անհրաժեշտ էր «թաքցնել» ուղին՝ օգտագործելով միջնորդ ընկերություններ։ Այդ մեխանիզմն առաջացնում էր լրացուցիչ ծախսեր, լոգիստիկ բարդություններ և փաստաթղթային ծանրաբեռնվածություն։
– Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս իրավիճակը վիճակագրության վրա։
– Արդյունքում ստացվել է, որ պաշտոնական թվերում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը փոքր է՝ օրինակ՝ մոտ 250–330 միլիոն դոլար։ Սակայն իրական ծավալները կարող են ավելի մեծ լինել, քանի որ թուրքական ապրանքները հաճախ գրանցվում էին որպես երրորդ երկրներից ներմուծված։ Այսինքն՝ վիճակագրությունը լիովին չէր արտացոլում իրական տնտեսական հարաբերությունները։
– Ի՞նչ է փոխվում նոր կարգավորումների արդյունքում։
– Նոր իրավիճակում հնարավոր է, որ ապրանքներն արդեն ձևակերպվեն ուղղակիորեն՝ որպես Հայաստան կամ Թուրքիա ուղարկվող։ Այսինքն՝ վերանում է երրորդ երկրների միջոցով պարտադիր միջնորդավորված ձևակերպման անհրաժեշտությունը։ Միաժամանակ հնարավոր է նաև հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայով երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ավելի պարզեցված ձևակերպում։
– Սա ի՞նչ ազդեցություն կունենա վիճակագրության վրա։
– Ամենակարևոր փոփոխությունը հենց վիճակագրությունն է։ Այսուհետ հնարավոր կլինի ավելի իրական պատկեր ստանալ՝ հասկանալու համար, թե իրականում որքան է Հայաստան–Թուրքիա առևտրի ծավալը։ Սա կարևոր է նաև տնտեսական վերլուծությունների համար, քանի որ մինչև հիմա տվյալները մասամբ աղավաղված էին։
– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Վրաստանի դերի վրա։
– Վրաստանի միջոցով իրականացվող միջնորդավորված առևտուրը որոշակիորեն կնվազի, որովհետև նախկինում շատ ապրանքներ ձևակերպվում էին որպես վրացական ծագման (կամ Վրաստանից ներմուծված)։ Այս փոփոխությունը կարող է նվազեցնել Վրաստանի միջոցով արհեստականորեն ուռճացված արտաքին առևտրի ցուցանիշները։
– Կարո՞ղ է սա ազդեցություն ունենալ լոգիստիկ ծախսերի վրա։
– Այո՛։ Եթե ապագայում բացվի Գյումրի–Կարս երկաթուղին կամ ավտոճանապարհը, ապա դա էականորեն կկրճատի բեռնափոխադրումների ծախսերը։ Այս պահին բեռները հիմնականում անցնում են երկար ճանապարհով՝ Վրաստանի նավահանգիստներով, ինչը ժամանակատար և թանկ գործընթաց է։ Կարճ ճանապարհի դեպքում կարող է զգալիորեն նվազել ինչպես ժամանակը, այնպես էլ ծախսերը։
– Ի՞նչ չափով կարող են նվազել բեռնափոխադրումների ծախսերը։
– Նախնական գնահատմամբ՝ առնվազն 15 տոկոսով, հնարավոր է նաև ավելի։ Հիմնական խնայողությունը կլինի միջնորդական վճարների կրճատումը և լոգիստիկ ուղու պարզեցումը։
– Վերջում՝ ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր փոփոխությունը։
– Կարևոր է, որ մենք վերջապես ստանանք ավելի թափանցիկ և իրական տնտեսական պատկեր։ Սա կարող է դրական ազդեցություն ունենալ թե՛ վիճակագրության, թե՛ լոգիստիկայի և թե՛ տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների վրա։
Նարինե Ղուկասյան
