Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ապարանում մայիսի 13-ին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին ուսուցիչների և աշակերտներին ներգրավմանը։
Նրա խոսքով՝ այն չորս դպրոցի տնօրենները, որոնց աշակերտները դասաժամին մասնակցել էին քարոզարշավին, հրաժարականի դիմումներ են գրել։ Փաշինյանը, սակայն, նշել է, որ նրանց դիմումները չեն ստորագրվել՝ վերջնական որոշում կկայացվի ծառայողական քննության ավարտից հետո։
«Կլինի ծառայողական քննություն, որպեսզի անարդարություն կամ էմոցիոնալ որոշումներ չլինեն։ Եթե հաստատվի ապօրինի հրահանգի փաստը, նրանք կազատվեն աշխատանքից»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ ուսուցիչները որպես քաղաքացիներ իրավունք ունեն մասնակցելու քաղաքական միջոցառումների, սակայն պետք է պարզվի՝ դա տեղի է ունեցել կամավոր, թե վարչական ռեսուրսի կիրառմամբ։
Նա նաև նշել է, որ բացասաբար է վերաբերվում վարչական ռեսուրսի կիրառմանը՝ ընդգծելով, որ նման երևույթները խոչընդոտում են հասարակական իրական տրամադրությունները հասկանալուն։
Փաշինյանը, սակայն, բացասաբար չի վերաբերվում քարոզարշավներին երեխաների ներգրավմանը։
«Ի՞նչ անենք, ցրե՞նք էրեխեքին ջրցանով»,- այսպես է արձագանքել նա՝ ՔՊ-ի քարոզարշավին երեխաների ներկայության մասին հարցին։
Նա նշել է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ, ովքեր էլ իրեն փոխանցել են, թե երեխաների ներգրավման մասով օրենքի խնդիր չկա։
Մայիսի 13-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ սկսել է ուսումնասիրել Բերքառատ, Արագած և Քուչակ գյուղերի ուսուցիչների ու աշակերտների քաղաքական քարոզչությանը ներգրավման դեպքերը։
Կարդացեք նաև՝
ԿԸՀ-ի զգուշացումը՝ ուսուցիչներին և աշակերտներին քարոզչության մեջ ներգրավելու ֆոնին
