Արտասահման մեկնելիս Ռուսաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն երրորդ երկրներից ԱՄՆ-ի կողմից կալանավորման և արտահանձնման ռիսկի մասին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
ՌԴ ԱԳՆ հրապարակված տեղեկատվության համաձայն` ԱՄՆ-ի խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։
«Շատ պետություններ, ոչ միայն Եվրամիության, այլև ավելի լայն շրջանակներում ունեն որոշակի պարտավորություններ արտահանձնման վերաբերյալ: Պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնց կարող են բախվել մարդիկ արտասահման մեկնելիս»,- ասել է Լուկյանցևը:
Դիվանագետը ընդգծել է, որ Արտաքին գործերի նախարարությունը չի որոշում, թե որտեղ կարող են և որտեղ չեն կարող ռուսները ճանապարհորդել։ Նախարարությունը կարող է խորհուրդ տալ որոշակի երկրներ չայցելել միայն այն դեպքում, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։ Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի՝ Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում։
