ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցին կնշի հիմնադրման 135-ամյակը – armeniatoday.am

Ամերիկայի Միացյալ Նահանգների հնագույն հայկական եկեղեցու՝ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքի Սուրբ Փրկիչ տաճարի հոգևորականները հայտարարել են, որ  փնտրում են եկեղեցու հիմնադիր ընտանիքների ժառանգներին,  Armenian weekly-ի փոխանցմամբ՝ հայտնել է եկեղեցու մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կոչն ուղղված է բոլոր այն ընտանիքներին, որոնց պատմությունը կապված է այս պատմական եկեղեցու հետ: Հայտարարության մեջ հստակեցվել է, որ նոյեմբերի 21-ին և 22-ին նախատեսվում է միջոցառում, որը նվիրված է եկեղեցու հիմնադրման 135-ամյակին։

«Բազմաթիվ հայ-ամերիկյան ընտանիքներ իրենց ուղին սկսել են հենց Վուսթերից՝ նախքան երկրի այլ հատվածներում հաստատվելը: Հույս ունենք, որ այս տոնակատարությունն ընտանիքներին կվերադարձնի այնտեղ, որտեղից սկսվել է իրենց ամերիկյան պատմությունը»,- հայտարարել է եկեղեցու սարկավագ Սթիվ Մկրտիչյանը:

Սուրբ Փրկիչ եկեղեցին հիմնադրվել և օծվել է 1891 թվականին և հանդիսանում է ԱՄՆ-ում հիմնադրված առաջին հայկական եկեղեցին։ Այն հիմնադրվել է հայ ներգաղթյալների կողմից, ովքեր աշխատում էին տեղի գործարաններում։ Տաճարը ժամանակին ծառայել է որպես Ամերիկայի հայոց թեմի առաջին նստավայր և հիմք է հանդիսացել ամբողջ երկրում հայկական եկեղեցական կյանքի ձևավորման համար։

Վուսթերում հայ համայնքի աճի արդյունքում 1952 թվականին եկեղեցին տեղափոխվել էր Սոլսբերի թաղամաս։ Վուսթերը շարունակում է մնալ Նոր Անգլիայի հայկական կյանքի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ գործում է հայկական երեք եկեղեցի։

Leave a Comment