«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» համար կառավարությունը 665 մլն դրամ է հատկացրել

Հայաստանի կառավարությունը «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպման նպատակով 665 միլիոն դրամ է հատկացրել։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում։

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ մրցույթն անցկացվելու է հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է» խորագրի ներքո: Բացի այդ, ըստ նախարարի, այս տարի նշվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի 100-ամյակը, որտեղ էլ կանցկացվի միջոցառումը: Ելույթների մի մասը նախատեսվում է կազմակերպել ոչ միայն թատրոնի ներսում, այլև շենքի բաց հարթակներում։

Հայաստանը ներկայացնելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, նշել է նախարարը։

Ըստ նախագծի՝ հունիսի 1-ից Հայաստան կժամանեն 11 երկրի պատվիրակություններ։ Բացի հիմնական համերգից, որը կհեռարձակվի եվրոպական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում, նախատեսվում են նաև մշակութային և ժամանցային ծրագրեր, այցելություններ թանգարաններ ու արվեստի կենտրոններ։

Այն մասին, որ պատմության մեջ առաջին անգամ մրցույթը կանցկացվի Երևանում 2026 թվականին, հայտնի էր դարձել դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 21-ին։

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլը» (Eurovision Young Musicians) միջազգային մրցույթ է, որը կազմակերպվում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից 1982 թվականից: Մինչև 18-19 տարեկան երաժիշտները կատարում են դասական ստեղծագործություններ, իսկ հաղթողին ընտրում է պրոֆեսիոնալ ժյուրին:

Leave a Comment