ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը – armeniatoday.am

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է դեմոկրատների ներկայացրած բանաձևը, որը նպատակ ուներ սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորություններն Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում, հայտնում է CBS News-ը։

Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել 50 սենատոր, կողմ՝ 49-ը։ Հանրապետականներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը և Լիզա Մուրկովսկին աջակցել են դեմոկրատներին, իսկ Ջոն Ֆեթերմանը դարձել է միակ դեմոկրատը, որը դեմ է քվեարկել։

Սենատոր Ջեֆ Մերքլիի պատրաստած փաստաթուղթը պահանջում էր ԱՄՆ զինված ուժերը դուրս բերել Իրանում մարտական գործողությունների գոտուց, եթե այդ գործողությունները հաստատված չեն Կոնգրեսի կողմից։

Փետրվարի 28-ից Իրանի դեմ սկսված հակամարտությունից ի վեր դեմոկրատները վեց անգամ փորձել են առաջ տանել նմանատիպ նախաձեռնություններ։

1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահը պարտավոր է դադարեցնել ռազմական գործողությունները 60 օր անց, եթե Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել կամ չի թույլատրել ուժի կիրառումը։ Սակայն Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այս դրույթը չի կիրառվում, քանի որ ապրիլի 7-ին հրադադարից հետո մարտական գործողությունները դադարեցվել են։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը։ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր ուղարկել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկի պատասխանը, որը Թրամփը անընդունելի էր համարել։ 

Leave a Comment