Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս փորձագետ, Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար համապարփակ ենթակառուցվածքի զարգացմանը, գրում է tsargrad.tv–ն։ Մասնագետի խոսքով անօդաչու թռչող սարքերը ներկայացնում են ռազմական գործում վերջին հարյուր տարվա ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր փոխակերպումներից մեկը։ Այս տեխնոլոգիաները զգալիորեն փոխում են ժամանակակից զինված հակամարտությունների բնույթը և ստեղծում են հիմնարար նոր մարտահրավերներ ռազմական գիտության համար։

«Ես կանդրադառնայի բարձր մասնագիտացված մասնագետների պատրաստման և ամբողջական ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությանը։ Սա գերակա է։ Բավարար չէ անօդաչու սարքեր գնել ԱՄՆ-ից կամ այլ երկրներից։ Անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող անձնակազմ դրանք օգտագործելու համար», – ասել է նա։

Մասնագետը նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հնարավորությունների զարգացումն է նշել  որպես կարևորագույն ասպեկտ։ Նրա խոսքով Հայաստանը «շատ բան ունի սովորելու» այս ոլորտում հղում անելով այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Ուկրաինայի կուտակված փորձին։ Երկու երկրներն էլ բազմաթիվ տեխնոլոգիական սխալներ են թույլ տվել անօդաչու սարքերի օգտագործման հարցում ռազմական գործողությունների սկզբում, բայց այժմ կուտակել են հսկայական փորձ։

Մաքսիմ Կոնդրատևը նաև սխալ է որակել խոշոր անօդաչու թռչող սարքերի գնման մարտավարությունը, հենց այն մոտեցումը, որն ընտրել են Թուրքիան և Ադրբեջանը: Նա կարծում է, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք նման են Թեհրանի կողմից վերջին սրման ժամանակ ակտիվորեն օգտագործվող իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերին, շատ ավելի արդյունավետ են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment