Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը ապտակել է նրան իրանցի դերասանուհու նկատմամբ խանդից դրդված, որի հետ նա մի քանի ամիս նամակագրական կապի մեջ էր։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի լրագրող և նախագահական ընտանիքի հարաբերությունների մասին «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքի հեղինակ Ֆլորիան Տարդիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Փաստն այն է, որ Բրիջիտ Մակրոնը տեսել է հայտնի դեմքի՝ իրանցի դերասանուհի Գոլշիֆթեհ Ֆարահանիի հաղորդագրությունը», – RTL ռադիոկայանին ասել է Տարդիֆը։ Նա պնդում է, որ 2025 թվականի մայիսին ինքնաթիռում Մակրոնի ստացած ապտակը հրահրվել է կնոջ կողմից խանդի նոպայով։
Ըստ լրագրողի՝ ինքը մանրակրկիտ ուսումնասիրել է իրադարձությունների այս տարբերակը, որը ներկայացված է գրքում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը մի քանի ամիս պահպանել է «պլատոնական հարաբերություններ» դերասանուհու հետ և գովեստի խոսքեր է ասել նրան։
2025 թվականի մայիսին ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի Վիետնամ ժամանման տեսանյութը։ Տեսանյութում Մակրոնը դեռևս ինքնաթիռում էր, մինչդեռ նրա կինը, ով կադրում չէր երևում, ձեռքը բարձրացրել է Ֆրանսիայի առաջնորդի դեմքին՝ կարծես ապտակելով նրան։
BFMTV-ն հաղորդել է, որ Մակրոնը զարմացած տեսք ուներ, բայց արագ շրջվել է՝ ողջունելու իրեն դիմավորողներին։ Միջադեպից հետո զույգն իջել է աստիճաններով։ Նախագահը ձեռքը մեկնել է կնոջը, բայց նա չի արձագանքել։
Ավելի ուշ Մակրոնը հայտարարել էր, որ ինքնաթիռից դուրս գալուց առաջ «պարզապես խաղում էր» կնոջ հետ։
