Արևելքը սկսում է խոսել Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության շուրջ․ «Վերնատուն»

ԵՊՀ-ում օրերս տեղի ունեցավ նշանավոր գիտնական, գրաքննադատ, քաղաքական ակտիվիստ, հետգաղութային ուսումնասիրությունների հիմնադիր Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության քննարկումը։ Այս գիրքը գրվել է անցյալ դարում՝ 1978 թվականին, և հիմնարար նշանակություն է ունեցել հումանիտար գիտությունների, ինչպես նաև գրական-գեղարվեստական ոլորտի հետազոտությունների համար։

Այն մինչ օրս արդիական է։ Թե ինչո՞վ է այն արդիական առհասարակ և ինչո՞ւ է հետաքրքրում մեր մասնագետներին՝ գիտնականներին ու արևելագետներին, զրուցում ենք արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանի և արևելագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Էլմասյանի հետ։ «Սա, իհարկե, ուշացած թարգմանություն է. պիտի լիներ տարիներ առաջ, երբ դասական արաբագիտության կարծրատիպերը կոտրվում էին, ձևավորվում էին նոր հայացքներ ու տարածաշրջանային հետազոտություններ։ Այսօր մեր քաղաքական, հասարակական և այժմյան մտքի վրա այս գրքի չթարգմանված լինելու բացը զգացվում է, որովհետև Արևելքի հետ հարաբերվելու կարևորագույն գործերից մեկը Սայիդի այս աշխատությունն է, որը քրիստոմատիական արժեք ունի։ Մենք մեծ անհրաժեշտություն ունենք սա ընթերցելու և վերընթերցելու, քանի որ այն առանցքային նշանակություն ունի նաև ինքներս մեզ հասկանալու համար»,– ասում է Տիգրան Գրիգորյանը։

«Սայիդի հիմնական թեզն այն է, որ Արևմուտքը Արևելքը դիտարկում է որպես էկզոտիկ, հետամնաց և պատմական զարգացման գործընթացներից դուրս գտնվող մի աշխարհագրական տարածք, ինչն այդպես չէ։ Մենք պարտավոր ենք որպես հասարակություն հանրայնացնել այս գրքի հիմնական գաղափարները, որպեսզի կարողանանք ճիշտ հայացք ձևավորել Արևելքի նկատմամբ։ Շատ կարևոր է նաև, թե ով է խոսում Արևելքի մասին. երկար ժամանակ խոսել է ոչ թե արևելքցին, այլ եվրոպացին։ Սայիդի գրքով Արևելքը սկսում է խոսել. դրանով է այն կարևոր։ Կարևոր է նաև, որ այս գրքի օրինակով հետգաղութային ուսումնասիրությունները՝ որպես գիտակարգ, սկսեցին հետազոտել գաղութային քաղաքականության ազդեցությունը մշակույթի, ինքնության, մարդկային հարաբերությունների, գաղափարների և գաղութացված ժողովուրդների գիտակցության վրա։ Սա նոր հայացք էր հումանիտար գիտության մեջ», – նշում է Մարիամ Էլմասյանը։

Leave a Comment