Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները սկսվել են փորձությունների ու բացահայտումների ճանապարհով՝ 1990-ականների սկզբին, երբ դեռ չկային համագործակցելու հստակ մեխանիզմներ, երբ փորձը քիչ էր, բայց միմյանց ճանաչելու ցանկությունը՝ մեծ։
Ժամանակի ընթացքում աշխարհագրորեն հեռու, բայց պատմականորեն ու մշակութային առումով հետաքրքիր կերպով փոխկապակցված այս երկու երկրները շարունակեցին ոչ միայն վերագտնել իրենց անցյալի խաչմերուկները, այլև համատեղ ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ։
Այդ հնարավորությունները ձևավորողներից մեկն է նաև Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Նրա հետ խոսել ենք առցանց։
—Պատանի տարիքում գրքեր շատ էի կարդում, շատ-շատ ընթերցասեր եմ եղել։ Սկզբում ինձ հետաքրքրում էր իրավաբանությունը, շատ անգլիական դետեկտիվ գրքեր էի կարդում, բայց հետո մեծանալով՝ հումանիտար ուղղություններն ինձ ավելի էին հետաքրքրում ՝ պատմությունը։ Եվ ընդհանրապես՝ քաղաքակրթության պատմությունը։ Եվ միշտ մեր տարիները էդպես հետաքրքիր է ստացվել, էլի, մեր աշխարհայացքի ձևավորումը իմ սերնդի, իրականացել է էն տարիներին, երբ Խորհրդային Միության փլուզումն էր, և մեր պետության առաջին քայլերն էին արվում անկախ պետականության ուղղությամբ, և միշտ էդ երազանքը եղել է ծառայել պետությանը։
Երևանի պետական համալսարանում պատմություն և միջազգային հարաբերություններ ուսումնասիրող Վարուժան Ներսեսյանը զուգահեռաբար հետևում էր իրադարձությունների պատմական զարգացումներին՝ Սովետական Միության փլուզմանը, անկախության հանրաքվեին, նորանկախ Հայաստանի ստեղծմանը։ Մի խոսքով՝ պատմական ժամանակներ էին՝ ողջ պերճանքով։

—Ժամանակները միշտ են պատմական, բայց այն տարիները, իհարկե, ինձ համար, իմ սերնդի կամ մեր աշխարհայացքի ձևավորման համար վճռական նշանակություն են ունեցել, որովհետև աննախադեպ երևույթ էր, երբ փլվում էր մի ամբողջ հին աշխարհ, և ձևավորվում էր նոր աշխարհ՝ մեր նորանկախ պետությունը, և դա ազդում էր մեր աշխարհայացքի վրա։ Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես պետք է կարողանանք այդ տարիներին և հաջորդող դժվարություններին, բոլոր մարտահրավերներին դիմակայել այդ առաջին խանդավառության ալիքից հետո։
Պատմությամբ զբաղվելը միայն անցյալը ուսումնասիրելու փորձ չէ, այն նաև հնարավորություն է քննադատական հայացքով նայելու իրադարձությունների ընթացքին, երբ առանձին դրվագները վերածվում են իմաստների, իսկ փորձառությունները՝ համընդհանուր ճշմարտությունների։
—Դրանք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը, պարզապես փոխվում են պարամետրերը՝ ինչ-որ առումով, փոխվում են դերակատարները, սակայն շատ մարտահրավերներ նույնն են։ Հետևաբար, պատմության սերտումը, պատմության քննական վերլուծությունը, ես չեմ կարծում, որ պարզապես պատմական քրոնոլոգիան ուսումնասիրելն է․ կարևոր է նրա քննական և քննադատական վերլուծությունը՝ հասկանալու համար, թե ի վերջո որտեղ են եղել սխալները՝ թե՛ մեր, թե՛ նրանց։ Նաև համաշխարհային պատմություն և դիվանագիտություն ուսումնասիրելիս դիվանագետը պետք է տիրապետի ոչ միայն իր սեփական ժողովրդի պատմությանը, այլ նաև իմանա համաշխարհային պատմությունը։
1999 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովը դարձավ եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաձևավորման առանցքային հանգրվաններից մեկը՝ Սառը պատերազմի ավարտից հետո ձևավորվող նոր քաղաքական իրականության պայմաններում։ Այն մի պահ էր, երբ միջազգային հարաբերությունները փորձում էին գտնել նոր հավասարակշռություն՝ անցյալի ժառանգության և ապագայի անորոշության միջև։ Այս պատմական գործընթացների ուղիղ կենտրոնում էր նաև այդ տարիներին ՀՀ ԱԳՆ եվրոպական կառույցների վարչության երրորդ քարտուղար, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու Վարուժան Ներսեսյանը, որը հայտնվել էր համաշխարհային քաղաքականության մեծ հորձանուտում։
-Այդ տարիների՝ ինձ համար ամենատպավորիչ լիդերը, թերևս, Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինտոնն էր, որը ներկա էր այդ գագաթնաժողովին, և ԵԱՀԿ-ում, ըստ պետությունների դասավորվածության, Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների նստատեղերը շատ մոտ էին։ Ինձ համար այդ տարին, իհարկե, շատ տպավորիչ էր նախագահ Բիլ Քլինթոնի ելույթը, որը ես լսեցի։

2018-2021 թվականին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան աշխատած Վարուժան Ներսեսյանի մտքով այդ ժամանակ Ամերիկյան երազանքը չէր անցնում, պարզապես նրա զարմանքը մեծ էր, երբ այդ գագաթնաժողովում Բիլ Քլինտոնի ունեցած ելույթը նա հետագայում գտավ հենց Բիլ Քլինտոնի գրադարանում։
—Երբ առաջին անգամ գնացի Միացյալ Նահանգներ, դա Պետքարտուղարության մի ծրագիր էր, որն ուղղված էր հակամարտությունների կարգավորման դասընթացներին, և մեզ տարան Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք մայրաքաղաքը, որտեղ հենց նախագահ Քլինտոնի գրադարանն է, քանի որ նա ինքը Արկանզասից է։ Եվ հետաքրքիր կերպով, այսինքն՝ այդ գագաթնաժողովից տարիներ անց ես արդեն իր թանգարանում՝ գրադարանում, գտա այդ նույն ելույթը, որին անձամբ ներկա էի գտնվել, և իմ դասընկերներին ասացի, որ սա այն ելույթն է, որին մի քանի տարի առաջ ես ներկա եմ եղել։
Միացյալ Նահանգներից անցումը դեպի Թագավորական Բրիտանիա խոստանում էր դիվանագիտական նման ու տարբեր կենսակերպեր։
—Կան, բնականաբար, բազմաթիվ մշակութաբանական նմանություններ․ ի վերջո, անգիլախոս երկրներ են, ունեն անգլիական և անգլիալեզու գրականություն և մշակույթ, բայց նաև շատ են տարբերությունները իրենց միջև՝ թե՛ երկրների կառուցվածքի, թե՛ պետական կառավարման համակարգի առումներով։ Տարբեր են նաև դրսևորումները թե՛ ներքին և արտաքին քաղաքականության մեջ, և այդ տարբերությունը շատ բնական է։
2021 թվականից առ այսօր Վարուժան Ներսեսյանը Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է։ Բոլոր նրանք, ովքեր հետևում են մեր հաղորդմանը վաղուց, գիտեն, որ 1990-ականներին Մեծ Բրիտանիայում մեր առաջին դեսպանությունը մի սովորական բնակարանի սենյակ է եղել՝ բնորոշ համեստ պայմաններով։ Այսօր արդեն այն գտնվում է Լոնդոնի սրտում։
-Լոնդոնի սրտում մեր կառավարությունը 2023 թ․-ին շատ կարևոր, կարելի է ասել՝ պատմական որոշում ընդունեց՝ Լոնդոնում ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության լիարժեք սեփականությունը հանդիսացող այս շենքը։ Սակայն մենք փորձեցինք նաև հանրային դիվանագիտության միջոցով մեր երկրի ճանաչելիությունը ապահովելու համար օգտագործել նաև մեր պատմական տարբեր ասպեկտները։ Օրինակ՝ մեր դեսպանությունում մենք մեր բրիտանացի հյուրերին ցույց ենք տալիս մեր պատրաստած հայ-բրիտանական տարբեր պատմական առնչություններից բխող հետաքրքիր ցուցադրումներ, որոնք պատմում են՝ սկսած Բայրոնից, վերջացրած բրիտանական բանակում ծառայած հայ սպաներով կամ վարչապետ Գլադստոնով, հայ-բրիտանական հարաբերություններում տարբեր դերակատարում ունեցած անձանց կամ իրադարձությունների մասին։

Այդ ցուցադրությունների ամենակարևոր պատմություններից մեկը Մեծ Բրիտանիայի վարչապետներից Ուիլյամ Գլադստոնի հայամետ ու հայասեր վարքից ծնված տեքստերն են։
—Նա ունի մի շատ հետաքրքիր արտահայտություն, որ անգլերենով հնչում է այսպես՝ «To save Armenia means to save civilization»՝ ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը։ Նա Բրիտանիայի պատմության մեջ այսպես շատ առանցքային դերակատարում ունեցող վարչապետներից մեկն է, որը չորս անգամ, չորս տարբեր ժամանակահատվածներում ծառայել է որպես Բրիտանիայի վարչապետ, նաև եղել է ֆինանսների նախարար։ Նա հայտնի է իր շատ պրոհայկական դիրքորոշումներով և տեսակետներով, երբ Օսմանյան կայսրությունում, դեռևս մինչև Հայոց ցեղասպանությունը՝ 19-րդ դարի վերջին, վարչապետ Գլադստոնը մշտապես հանդես է եկել շատ պրոհայկական դիրքորոշումներով՝ պաշտպանելով հայության շահերը։ Հայկական պատվիրակությունը այդ տարիներին ժամանել է Լոնդոն՝ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ։ Գլադստոնին հայկական ձեռագրի մի մատյան էր բերվել, որն այսօր ի պահ է տրված նրա թանգարանին, որը գտնվում է Ուելսում։
Որպես դարերի թագավորական ավանդույթներով ու պետական շարունակականությամբ ձևավորված երկիր՝ Միացյալ Թագավորությունը հիանալի առիթ է իմ ավանդական հարցը տալու համար՝ ինչ պետք է սովորենք այդ երկրից։

-Կարծում եմ՝ բրիտանացիները աշխարհի ամենապրագմատիկ ազգերից են, եթե ոչ ամենապրագմատիկը՝ արդյունավետության և պրագմատիկ շահերի հետևողական առաջ մղման առումով։ Ես կարծում եմ, այդ առումով շատ ուսանելի է բրիտանական փորձը սովորել, թե ինչպես կարելի է ունենալ մշտապես արդյունավետ գործող դիվանագիտություն։ Այն հիմնված է շահերի համադրության, դաշինքների կառուցման և հետաքրքիր դիվանագիտական կոմբինացիաների վրա։ Եվ այդ առումով շատ ուսանելի փորձ կա բրիտանական դիվանագիտությունից սովորելու թե՛ պատմական, թե՛ մեր օրերում։
Իսկ բրիտանացիների՞ց։
—Բրիտանացիներից, թերևս, նրանց հումորի տրադիցիան՝ բրիտանական հումորը, որ մշտապես ուղեկցում է ամենուրեք։ Եթե դուք նայեք իրենց խորհրդարանի դեբատները, դրանք կարելի է ասել, որ շատ դրամատիկ են, այդուհանդերձ, այդ սուր քննարկումների, սուր փոխադարձ քննադատության՝ ընդդիմության և կառավարության միջև, պահպանվում է փոխադարձ հարգանքը և համագործակցությունը։ Մանավանդ խորհրդարանական աշխատանքներին հետևելիս դուք կարող եք շատ հետաքրքիր համադրություն տեսնել թե՛ հումորի, թե՛ քաղաքական քննադատության, և թե՛ համագործակցության՝ երկրի շահերին և առաջ մղմանը միտված համագործակցության։