Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից հայտնել են, որ այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում՝ Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի:
Ըստ գերատեսչության՝ քարոզարշավի սկզբից ի վեր նմանատիպ ահազանգեր են ստացվել, ըստ որոնց՝ դպրոցների մանկավարժների, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում մասնակցել են քարոզարշավին՝ խախտելով կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեության մասին կարգը։
Նախարարությունից հայտնել են, որ այսօրվա դեպքով կնախաձեռնվի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները։
Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներն News.am-ի հետ զրույցում նշել էին, որ մայիսի 13-ին իրենց «Գազելներով» տեղափոխել են Ապարան, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նրանք հայտնել էին, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը։
ԿԳՄՍ-ն մայիսի 11-ի հայտնել էր, որ ստացել է երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
