ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Միացյալ Նահանգները որևէ դիրքորոշում չի հայտնել «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկման շուրջ։ Խոսնակի պարզաբանմամբ՝ ռուսական կողմը պահպանել է միջազգային ընթացակարգը՝ ծանուցման հատուկ համակարգով նախապես իրազեկելով ամերիկյան կողմին սպասվող արձակման վերաբերյալ։
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել փորձարկման հաջող արդյունքները։ Ըստ զինվորականի զեկույցի՝ նոր զինատեսակն իր տեխնիկական տվյալներով, այդ թվում՝ թռիչքի հեռավորությամբ և ՀՕՊ համակարգերը շրջանցելու ունակությամբ, էապես գերազանցում է «Վոյեվոդա» հրթիռներին։
Ռուսաստանի առաջնորդի հավաստմամբ՝ «Սարմատ» համալիրները մինչև տարեվերջ կդրվեն մարտական հերթապահության։ Հրթիռի առանցքային առանձնահատկություններից է սուբօրբիտալ հետագծով շարժվելու հնարավորությունը, ինչը կարող է ապահովել ավելի քան 35 հազար կիլոմետր հեռահարություն։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ նման բնութագրերը խիստ բարդացնում են դրա հայտնաբերումն ու որսումը գործող պաշտպանական համակարգերի կողմից։