ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել:

Կոմիտեի պնդմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել մի խումբ անձանց, որոնք առնչություն ունեն «Մեր ձևով» բարեգործական հասարակական հիմնադրամի հետ։

ՀԿԿ-ի տեղեկություններով՝ կատարվել են խուզարկություններ և վարույթին առնչվող այլ գործողություններ:

Կոմիտեի հրապարակած ձայնագրության հատվածների մեջ զրուցակիցները խոսում են գումարի փոխանցման և ստացման մասին՝ չնշելով որևէ կուսակցության անուն: Կոմիտեն պնդում է որ այդ գումարները փոխանցվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու նպատակով, նաև խախտվել են ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերի հետ փոխկապակցված բարեգործական կազմակերպությունների մասին օրենքի դրույթները։

ՀԿԿ-ն պնդում է նաև, որ «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավարն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ Երևան քաղաքի բնակչին անհատույց գումար է հատկացրել, որն ուղղվել է տվյալ անձի վիրահատության համար։

«Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Ապրիլիլին բերման էին ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։ 

Կուսակցությունում գործողությունները քաղաքական հետապնդում են համարում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը բացառել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։

Շիրակի մարզում՝ Անի համայնքում և Մարալիկ քաղաքում, կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո մայիսի 8-ին սկսվել էր ձերբակալությունների նոր ալիք, որը հաջորդել էր Կարապետյանի մամուլի ասուլիսին, երբ դաշինքի առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզական հայտարարությունները կապել էր հալյուցինոգեն սնկերի հնարավոր օգտագործման հետ։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դիմել դատարան և Կարապետյանին «իրավական իմաստով մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնել»։ Ավելի ուշ, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով վարչապետի՝ հայց ներկայացնելու մտադրության մասին հարցին, Կարապետյանը հստակեցրել էր, որ խոսքն իր «տպավորության» և ունեցած տեղեկատվության մասին է, այլ ոչ թե հաստատված փաստի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ այդ դեպքում կարիք չի լինի «կերցնել»։

Leave a Comment