Ով տա այս «ինչու»-ների պատասխանը, նա էլ գիտի, թե ինչո՞ւ մեր Արցախը մերը չէ. Աթանեսյան

Ով տա այս «ինչու»-ների պատասխանը, նա էլ գիտի, թե ինչո՞ւ մեր Արցախը մերը չէ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«1997 թ. մարտին՝ չորս ամիս առաջ համաժողովրդական քվեով ԼՂՀ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տվեց և նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Օրենքով արտահերթ ընտրությունները պետք է կայանային քառասնօրյա ժամկետում, սակայն իրականում դրանք տեղի ունեցան վեց ամիս անց։ Ինչո՞ւ։

Նախագահի պաշտոնում ընտրված Արկադի Ղուկասյանը վարչապետ վերանշանակեց Լեոնարդ Պետրոսյանին։ Ինը ամիս հետո Լեոնարդ Պետրոսյանը հրաժարական տվեց և տեղափոխվեց Երևան։ Ինչո՞ւ։

Լեոնարդ Պետրոսյանին վարչապետի պաշտոնում փոխարինեց Ժիրայր Պողոսյանը։ Մեկ տարի անց նա պաշտոնանկ եղավ և տեղափոխվեց Երևան։ ԼՂՀ վարչապետ նշանակվեց Անուշավան Դանիելյանը, որը Ղրիմից էր տեղափոխվել Երևան։ Ինչո՞ւ։

2000 թ. մարտին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարվեց մահափորձ։ Ձերբակալվեց, ապա կալանավորվեց և դատվեց մի քանի ամիս առաջ ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացված Սամվել Բաբայանը։ Չորս տարի հետո նրան ներում շնորհվեց, և Բաբայանը տեղափոխվեց Երևան։ Ինչո՞ւ։

2005 թ. խորհրդարանական ընտրություններին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը չմասնակցեց և պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվեց Երևան։ Ինչո՞ւ։

2007 թ. պաշտոնը թողեց Արկադի Ղուկասյանը և տեղափոխվեց Երևան։ Երևան վերադարձավ նաև Անուշավան Դանիելյանը։ Ինչո՞ւ։

1996 թ. նախագահական ընտրություններից հետո ԼՂՀ-ում ձևավորվել էր ուժեղ և, հաջորդների հետ համեմատած, ամենապրոֆեսիոնալ իշխանությունը՝ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան, վարչապետ՝ Լեոնարդ Պետրոսյան, Ազգային ժողովի նախագահ՝ Օլեգ Եսայան, ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայան, արտաքին գործերի նախարար՝ Արկադի Ղուկասյան։

Այդ թիմն ինչո՞ւ քանդվեց։Ով տա այս «ինչու»-ների պատասխանը, նա էլ գիտի, թե ինչո՞ւ մեր Արցախը մերը չէ»։

Leave a Comment