«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 4-ին և 5-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական առաջնորդները Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել երկրի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից մեկ ամիս անց, գրում է bbc.com–ը։

Գագաթնաժողովից հետո կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում ընդգծվել է, որ գագաթնաժողովը արտացոլում է «վերջին տարիների նշանակալի նվաճումները և գործընկերության ռազմավարական նշանակությունը»։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը շարունակել աջակցել Երևանին նշելով, որ «Հայաստանը և ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ»։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵՄ-ն ճանաչում է «հայ ժողովրդի եվրոպական ձգտումները»։ Եվրոպացիները նաև ակնկալում են, որ Հայաստանում ներդրումները կհասնեն 2,5 միլիարդ դոլարի։ ԵՄ-ն հանձնառու է բարելավել տրանսպորտային կապերը և խթանել Հայաստանում կանաչ էներգիային անցումը, և սկսել է բանակցություններ, որոնք, ի վերջո, կարող են հայերի համար բացել կարճաժամկետ առանց վիզայի մուտքի հնարավորություն ԵՄ երկրներ։ Փաստաթղթում նաև համառոտ թվարկված են Բրյուսելի կողմից աջակցվող Հայաստանի մյուս ձգտումները. համագործակցություն միջուկային անվտանգության ոլորտում և համատեղ նախագծեր տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում։

Այնուամենայնիվ, հռչակագրի համարյա բոլոր 40 պարբերություններում բացակայում են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են գումարները կամ ժամկետները։ Միակ բացառությունը 29-րդ պարբերությունն է, որը վերաբերում է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 30 միլիոն եվրո օգնության տրամադրմանը «միջազգային առաքելություններին և գործողություններին, այդ թվում ԵՄ-ի, հնարավոր ապագա մասնակցության համար»։

Արևմուտքում շատ լրատվամիջոցներ այս գագաթնաժողովը մեկնաբանում են որպես Երևանի Մոսկվայից հեռանալու և դեպի Եվրոպա շարժվելու ցանկության ևս մեկ ապացույց։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Radio France Internationale-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ռուսաստանն այլևս չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց կարող է և անում է շատ փոքր, տհաճ բաներ»։ Երևանի վրա տնտեսական ճնշումը կարող է ուժեղանալ, և նա կարծում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն հայկական արտահանման վրա հնարավոր էմբարգոին, այլ նաև գազային շանտաժին։ Այնուամենայնիվ, Մեհրաբյանը լավատես է. «Սրանք բոլորը լուծելի դժվարություններ են, և մենք ակնկալում ենք, որ դրանք կարող են հաղթահարվել մեր եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ, որոնց հետ մենք արդեն իսկ հաստատել ենք ընդհանուր նպատակներ, շահեր և արժեքներ»։

Այլ քաղաքագետներ մատնանշում են գագաթնաժողովի ժամանակացույցը. այն տեղի է ունեցել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, և այն փաստը, որ այդքան շատ կարևոր օտարերկրյա հյուրերի ներկայությունը ձեռնտու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Որոշ դիտորդների կարծիքով, Եվրոպան լեգիտիմություն է հաղորդում կառավարությանը։

Ոմանք էլ կարծում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը արժանի չէ նման «նվերների»։ Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի գիտաշխատող Դավիթ Գրիգորյանը, ով նախկինում ավելի քան 20 տարի աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում, այդ մասին է գրել EUobserver-ի համար իր հոդվածում։ Նա նշել է, որ Հայաստանում տեղակայված ԵՄ հիբրիդային արագ արձագանքման խումբը անկախ մոնիթորինգային մարմին չէ. նրա պաշտոնական մանդատը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակին խորհրդատվություն տրամադրելն է։ Ավելին, հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ի կողմից «ապատեղեկատվության դեմ պայքարի համար» 12 միլիոն եվրոյի միջոցառումների փաթեթը միջոցներ է ուղղորդում կառավարության անմիջական ազդեցության տակ գտնվող հաստատությունների միջոցով, պնդել է Գրիգորյանը: Իսկ հայ-ռուս գործարար և Հայ Առաքելական եկեղեցու խոշոր բարերար Սամվել Կարապետյանը, ում Գրիգորյանը համարում է ընդիմության ամենակարևոր դեմքը, կեղծված մեղադրանքներով շարունակում է մնալ տնային կալանքի տակ։

Սկեպտիկները կարծում են, որ Եվրոպան աջակցում է Երևանին և պատրաստ է գումար և էներգիա ներդնել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մեջ հիմնականում այն ​​պատճառով, որ Եվրոպան կարիք ունի ադրբեջանական գազի, իսկ անխափան մատակարարումները պահանջում են տարածաշրջանային կայունություն։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը գագաթնաժողովին (թեև տեսակապի միջոցով) և ընդգծում, որ նա նախկինում ԵՄ ղեկավարության հետ քննարկումների ժամանակ աջակցել է հանդիպումը Հայաստանում անցկացնելու գաղափարին։

Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը ԵՄ-ի հետ առանց խզելու կապերը Ռուսաստանի հետ, բայց նաև փորձում է խուսափել Մոսկվայից չափազանց կախվածությունից: Միևնույն ժամանակ, CIDOB զեկույցի համաձայն, Եվրամիությունը չի շտապում բացել իր դռները Երևանի առջև։ Բրյուսելը պատրաստ է խորացնել համագործակցությունը ներդրումներ կատարելով, աջակցելով բարեփոխումներին, զարգացնելով տրանսպորտը և քննարկելով առանց վիզայի ճանապարհորդության հարցը։ Սակայն, ինչպես գրում են զեկույցի հեղինակները, լիակատար ընդլայնումը ներկայումս առաջնահերթություն չէ Եվրամիության համար, որը, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դիմումներից հետո, կոնսենսուս չունի նոր անդամների ընդունման եղանակի և ժամանակի վերաբերյալ։ Հետևաբար, այսօրվա իրատեսական սցենարը անդամակցությունը չէ, այլ Հայաստանի աստիճանական ինտեգրումը ԵՄ-ին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 


Leave a Comment