Հայկական Պետականութեան Ընտրութիւնը. Անվերջ Զիջումնե՞ր Յանուն Գոյատեւման, Թէ՞ Ռազմավարական Վերականգնում

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Շուշին հայ ազգային-քաղաքական գիտակցութեան մէջ պատմականօրէն եղել է ոչ միայն ռազմավարական հանգոյց, այլեւ` ազգային կամքի եւ արժանապատուութեան ինքնահաստատման առանցքային խորհրդանիշ: 1992 թուականի մայիսի 9-ին բերդաքաղաքի ազատագրումը հայ ժողովրդի համար շրջադարձային նշանակութիւն ունեցաւ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-հոգեբանական իմաստով: Այն դարձաւ վերանկախացած հայկական պետականութեան ինքնընկալման ձեւաւորման կարեւոր փուլերից մէկը, որի հիմքում դրուեց սեփական ուժով պատմական ընթացքի վրայ ազդեցութեան եւ տարածաշրջանային քաղաքականութեան մէջ գործօն դերակատարում ստանձնելու գաղափարը: Այդ իմաստով Շուշիի ազատագրումը վերածուեց ոչ միայն ռազմական յաղթանակի, այլեւ` հայկական քաղաքական գործօնի վերականգնման խորհրդանիշի:

2020 թուականի պատերազմում Շուշիի կորուստը հայ հասարակական-քաղաքական ընկալման մէջ դիտարկուեց ոչ միայն որպէս ռազմական պարտութիւն, այլեւ` որպէս խորքային քաղաքական եւ հոգեբանական հանգուցային նշանակութիւն ունեցող իրողութիւն: Ազրպէյճանի ռազմավարական մօտեցումներում Շուշին ունեցել է ընդգծուած խորհրդանշական եւ քաղաքական նշանակութիւն` պայմանաւորուած նրա առանձնայատուկ դիրքով հայկական ինքնագիտակցութեան համակարգում: Այդ պատճառով Շուշիի շուրջ ծաւալուած առճակատումը դուրս էր զուտ ռազմական տրամաբանութեան շրջանակներից եւ ներառում էր պատմական յիշողութեան, քաղաքական խօսոյթների եւ տարածաշրջանային ապագայի տեսլականների շուրջ պայքար: Պատերազմին յաջորդած ներքաղաքական զարգացումները, ինչպէս նաեւ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից առաջ մղուող գաղափարական մօտեցումները ցոյց տուեցին, որ հայկական քաղաքական բանավէճը տեղափոխուել է նոր հարթութիւն, որտեղ փորձ է արւում` վերաիմաստաւորել ազգային նպատակները, վերաձեւակերպել պատմական յիշողութիւնը եւ վերանայել պետականութեան բովանդակութիւնը:

Այս խորապատկերում է, որ գործող իշխանութեան կողմից առաջ մղուող, այսպէս կոչուած, «Իրական Հայաստանի» գաղափարախօսութիւնը պէտք է դիտարկել ոչ թէ որպէս առանձին քաղաքական դրոյթ, այլ` որպէս յետպատերազմեան ամբողջական աշխարհայեացքային նախագիծ: Դրա հիմքում այն մօտեցումն է, որ հայկական պետականութիւնը պէտք է հրաժարուի իր պատմական եւ ազգային բաղադրիչներից, սահմանափակի սեփական քաղաքական տեսլականը վարչական գոյատեւման տրամաբանութեամբ եւ ընդունի տարածաշրջանային ուժային կենտրոնների կողմից պարտադրուած խաղի նոր կանոնները: Այս մօտեցման հիմքում ընկած է այն հայեցակարգը, ըստ որի ազգային յիշողութիւնը, պահանջատիրութիւնը, պատմական իրաւունքների հետապնդումը եւ ընդհանրապէս ազգային նպատակների առկայութիւնը ներկայացւում են որպէս խաղաղութեանը սպառնացող եւ Հայաստանի անվտանգութեան ապահովմանը խոչընդոտող գործօններ:

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասութիւնը, որը գործող իշխանութիւնը չի կարողանում համարժէքօրէն բացատրել: Եթէ ազգային նպատակներից հրաժարումը, պատմական յիշողութեան վերակառուցումը եւ միակողմանի զիջումները պէտք է յանգեցնէին կայուն խաղաղութեան, ապա ինչո՞ւ թշնամու պահանջները ոչ միայն չեն նուազել, այլեւ հետեւողականօրէն ընդլայնւում են: Ինչո՞ւ տարածքային ամբողջականութեան ճանաչման պահանջին զուգահեռ` օրակարգ բերուեցին նաեւ այլ պահանջներ` սահմանադրական փոփոխութիւններից մինչեւ ազգային-պետական խորհրդանիշների վերանայման հարցերը: Ինչո՞ւ խաղաղութեան մասին խօսոյթին զուգահեռ` Ազրպէյճանը շարունակում է ռազմական ներուժի կուտակումը, ուժեղացնում է ռազմաքաղաքական հռետորաբանութիւնը եւ պահպանում ուժի կիրառման մշտական սպառնալիքը: Այս հարցադրումները ցոյց են տալիս, որ խնդիրը չի սահմանափակւում տարածքային կամ սահմանային հարթութեամբ: Այն ունի աւելի խորքային բնոյթ եւ վերաբերում է տարածաշրջանային ուժային նուիրապետութեան ձեւաւորման գործընթացին, ինչպէս նաեւ` հայկական պետականութեան քաղաքական կամքի աստիճանական խարխլման միտումներին, որոնք, իրենց հերթին, առաջ են բերում պետութեան ռազմավարական կողմնորոշման վերաիմաստաւորման անհրաժեշտութիւն:

Միակողմանի զիջումները չեն բերում խաղաղութիւն, որովհետեւ ուժային հակամարտութիւններում հակառակորդը դրանք կարող է ընկալել որպէս դիմադրողականութեան թուլացում, ոչ թէ` վերջնական կարգաւորման պատրաստակամութիւն: Այդ դէպքում ճնշումը ոչ թէ նուազում է, այլ ընդլայնւում, քանզի զիջումն ընկալւում է որպէս դիմադրողականութեան սահմանների ցուցիչ, ինչը հակառակ կողմին ընձեռում է լրացուցիչ հաշուարկային դաշտ` պահանջները աստիճանաբար ընդլայնելու համար:

Վերջին տասնամեակների միջազգային զարգացումները ցոյց են տալիս, որ նոյնիսկ համաշխարհայնացուած աշխարհում ուժային բաղադրիչը շարունակում է մնալ միջազգային քաղաքականութեան հիմնական գործօններից մէկը: Միջազգային իրաւական մեքանիզմները պահպանել են իրենց կարեւորութիւնը, սակայն դրանց գործնական ազդեցութիւնը սահմանափակ է` այն դէպքերում, երբ դրանք չեն ապահովւում ուժային հաւասարակշռութեամբ, պետական կամքով եւ ռազմավարական կարողութիւններով:

Այս իրողութիւնը յատկապէս ակնյայտ դարձաւ Ուքրանիայի պատերազմի ընթացքում, որը ցոյց տուեց, որ անվտանգութիւնը չի կարող կառուցուել միայն դիւանագիտական հաւաստիացումների կամ հռչակագրային երաշխիքների վրայ` առանց դրանց իրական ուժային ապահովման: Ժամանակակից աշխարհակարգում անվտանգութիւնը ձեւաւորւում է ուժային հաւասարակշռութեան, ռազմաքաղաքական հաշուարկների եւ պետական դիմադրողականութեան համադրմամբ:

Նման միտումը յատկապէս տեսանելի է այն պետութիւնների փորձի մէջ, որոնք արտաքին ճնշումների պայմաններում բախուել են պետական դիմադրողականութեան թուլացման եւ երկարատեւ ռազմավարական նահանջի հետեւանքներին: Մի շարք հակամարտող պետութիւնների փորձը, այդ թւում` Սիրիայի օրինակը, ցոյց տուեց, որ երբ պետութիւնը կորցնում է ներքին համախմբուածութիւնը, համակարգային կայունութիւնը եւ ռազմավարական վերահսկողութիւնը, արտաքին ճնշումները ոչ միայն չեն նուազում, այլ յաճախ վերածւում են երկարատեւ անկայունութեան, բազմակողմ միջամտութիւնների եւ ուժային հաւասարակշռութեան կորստի: Այսպիսի իրավիճակներում որոշիչ նշանակութիւն է ունենում ոչ միայն արտաքին միջավայրը, այլ նաեւ` պետութեան ներքին դիմադրողականութեան աստիճանը, քաղաքական կազմակերպուածութիւնն ու ռազմավարական կամքը:

Միաժամանակ ժամանակակից աշխարհակարգը ցոյց է տալիս նաեւ հակառակ օրինակներ, որտեղ պետութիւնները բազմաշերտ ճնշումների պայմաններում ընտրում են ոչ թէ շարունակական նահանջի, այլ ռազմավարական դիմադրողականութեան ուղին: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վերջին տարիներին` տնտեսական սահմանափակումների, ռազմական սպառնալիքների եւ քաղաքական մեկուսացման փորձերի պայմաններում, ձգտեց կառուցել այնպիսի պետական-ռազմավարական համակարգ, որտեղ ռազմական, արհեստագիտական, դիւանագիտական եւ հոգեբանական բաղադրիչները գործում են փոխկապակցուած տրամաբանութեամբ: Անկախ Իրանի քաղաքական համակարգի վերաբերեալ գոյութիւն ունեցող տարբեր գնահատականներից` ակնյայտ է, որ Թեհրանին յաջողուեց պահպանել իր ռազմավարական ինքնուրոյնութիւնը եւ տարածաշրջանային ուժային հաշուարկներում ձեւաւորել այնպիսի իրավիճակ, որտեղ արտաքին դերակատարները ստիպուած են հաշուի նստել նրա հնարաւորութիւնների եւ շահերի հետ:

Այս օրինակները ցոյց են տալիս, որ ժամանակակից աշխարհակարգում պետութիւնների անվտանգութիւնն ու ինքնուրոյնութիւնը պայմանաւորուած են ոչ միայն արտաքին աջակցութեամբ կամ դիւանագիտական յայտարարութիւններով, այլեւ, առաջին հերթին,  ներքին կազմակերպուածութեամբ, պետական կամքով եւ երկարաժամկէտ ռազմավարական դիմադրողականութիւն ձեւաւորելու կարողութեամբ:

Այստեղ է, որ հայկական քաղաքական միտքը կանգնում է հիմնարար ընտրութեան առջեւ: Հայաստանը շարժւո՞ւմ է շարունակական ազգային նահանջի եւ քաղաքական ինքնասահմանափակման ուղով, թէ՞ փորձելու է վերականգնել ազգային-պետական դիմադրողականութեան համակարգային կարողութիւնները: Իրականում ազգային նպատակների ձեւակերպումը ինքնին չի ենթադրում պատերազմի հրահրում, եւ այդ երկուսը տարբեր քաղաքական կատեգորիաներ են: Պատմական փորձը, ընդհակառակը, փաստում է,  որ հէնց ռազմավարական ինքնորոշումից զրկուած եւ ներքին դիմադրողականութիւն չունեցող պետութիւններն են առաւել յաճախ յայտնւում պատերազմի, արտաքին ճնշումների եւ քաղաքական թելադրանքի առաւել վտանգաւոր դաշտում: Ուժային քաղաքականութեան տրամաբանութեան մէջ պետութեան ուժը չի չափւում ցանկացած գնով պատերազմից խուսափելու ռազմավարութեամբ, այլ` պատերազմը կանխելու եւ իր անվտանգութիւնն ապահովելու կարողութեամբ:

Հայկական քաղաքական տիրոյթի գլխաւոր խնդիրներից մէկը վերջին տարիներին դարձել է քաղաքական մտքի որակական նահանջը: Գործող իշխանութիւնների կողմից հանրութեանը ներկայացւում է կեղծ ընտրութիւն` կա՛մ անվերապահ զիջումներ եւ խաղաղութիւն, կա՛մ ազգային նպատակներ եւ պատերազմ: Սակայն իրական քաղաքականութիւնը այսքան պարզունակ չի կարող լինել: Ազգային շահերի պաշտպանութիւնը կարող է եւ պէտք է զուգորդուի տրամաբանական հաշուարկի, դիւանագիտական ճկունութեան, ռազմավարական սառնասրտութեան եւ հեռատեսութեան հետ: Պահանջատիրական պայքարը պարտադիր չէ, որ արտայայտուի ռազմական գործողութիւններով: Այն կարող է արտայայտուել` միջազգային իրաւական պայքարի ձեւով, դիւանագիտական աշխատանքի աշխուժացմամբ, տեղեկատուական դաշտում նախաձեռնողականութեամբ, ազգային ինքնութեան ամրապնդմամբ եւ պետական ներուժի կազմակերպմամբ:

Աւելի՛ն. պահանջատիրութիւնից հրաժարուելը չի նշանակում, որ թշնամին նոյնպէս կը հրաժարուի իր սահմանած նպատակներից: Ազրպէյճանի քաղաքական հռետորաբանութիւնն ու ռազմավարական վարքագիծը դրա վառ ապացոյցն են: Սա ուժային քաղաքականութեան տրամաբանութիւնից բխող օրինաչափութիւն է: Միջազգային յարաբերութիւններում պետութիւնները սովորաբար առաջնորդւում են ոչ միայն յայտարարութիւններով, այլ` հակառակորդի դիմադրողականութեան իրական գնահատմամբ: Եթէ որեւէ երկիր ցոյց է տալիս, որ ճնշման պայմաններում պատրաստ է շարունակական նահանջի, հակառակ կողմը դա դիտարկում է որպէս հնարաւորութիւն` աւելի լայն քաղաքական կամ ռազմավարական նպատակներ առաջ մղելու համար: Հետեւաբար Հայաստանի անվտանգութեան խնդիրը չի կարող լուծուել բացառապէս հակառակորդի պահանջներին յարմարուելու միջոցով:

Այս ուժային տրամաբանութիւնից բխում է, որ Հայաստանի համար առաջնային խնդիր չի կարող լինել յարատեւ նահանջի ընտրութիւնը, այլ` երկարաժամկէտ ազգային վերակազմակերպումը: Դա ենթադրում է ոչ թէ զգացական պոռթկումներ, այլ` պետական մտածողութեան հետեւողական վերականգնում: Ուժեղ բանակի գաղափարը միայն զէնքի կամ թուաքանակի հարց չէ: Այն քաղաքական կամքի, արհեստագիտական զարգացման, ռազմավարական ծրագրաւորման եւ հասարակական համախմբման արդիւնք է: Նոյնը վերաբերում է դիւանագիտութեանը: Դիւանագիտութիւնը արդիւնաւէտ է միայն այն դէպքում, երբ յենուած է ազգային յստակ նպատակների եւ պետական ուժի վրայ: Հակառակ դէպքում այն վերածւում է արտաքին ճնշումները ձեւակերպող գործիքի:

Հայաստանի ռազմավարական վերականգնման համար անհրաժեշտ է նոր ազգային համախմբում: Այդ համախմբումը պէտք է կառուցուի մի շարք առանցքային սկզբունքների վրայ: Նախ` հայկական պետականութիւնը չի կարող կենսունակ լինել առանց ազգային ինքնութեան, յստակ տեսլականի եւ պատմական յիշողութեան պահպանման: Երկրորդ` անվտանգութիւնը հնարաւոր չէ ապահովել միայն արտաքին երաշխիքների վրայ յենուելով: Երրորդ` Հայաստանի ապագան անմիջականօրէն պայմանաւորուած է` հասարակութեան կազմակերպուածութեան մակարդակով, կրթական եւ արհեստագիտական զարգացման որակով, պետական համակարգերի արդիւնաւէտութեամբ եւ ազգային համախմբուածութեամբ: Վերջապէս,  խաղաղութիւնը չի կարող լինել միակողմանի զիջումների արդիւնք: Իրական եւ կայուն խաղաղութիւնը ձեւաւորւում է այն դէպքում, երբ թշնամին գիտակցում է, որ իր դիմաց կանգնած է կազմակերպուած, ուժեղ եւ քաղաքական կամք ունեցող պետութիւն:

Այս խորապատկերում յատկապէս կարեւոր է հրաժարուել այն վտանգաւոր թեզից, թէ ազգային տեսլականը եւ պահանջատիրութիւնը խանգարում են պետականութեան կայացմանը: Պատմականօրէն հայկական պետականութիւնը միշտ հզօր է եղել այն ժամանակ, երբ ունեցել է յստակ ազգային տեսլական: Իսկ այն փուլերում, երբ վերածուել է բացառապէս գոյատեւման վարչական մեքանիզմի, կորցրել է իր դիմադրողականութիւնն ու կենսունակութիւնը: Ազգային նպատակ ունենալը չի նշանակում ապրել անցեալով, այլ նշանակում է ունենալ ապագայի պատկերացում: Պետութիւնը, որը հրաժարւում է սեփական պատմական եւ քաղաքական հորիզոնից, աստիճանաբար կորցնում է նաեւ իր ներքին կենսունակութիւնը:

Այսօր Հայաստանի համար ամենամեծ վտանգը ոչ միայն արտաքին սպառնալիքներն են, այլեւ` ներքին տեղատուութիւնը եւ հոգեբանական անձնատուութիւնը: Երբ հասարակութեանը մշտապէս ներկայացւում է, թէ դիմադրութիւնն անիմաստ է, ազգային նպատակներն անիրատեսական են, իսկ միակ հնարաւորութիւնը անվերջ նահանջն ու զիջումներն են, ձեւաւորւում է պարտուածութեան եւ ինքնասահմանափակման մտայնութիւն: Այդպիսի հասարակութիւնները ժամանակի ընթացքում կորցնում են ոչ միայն պայքարելու, այլ նաեւ կազմակերպուելու ունակութիւնը: Իսկ առանց կազմակերպուած հասարակութեան` անհնար է կառուցել ուժեղ պետութիւն:

Հետեւաբար Հայաստանի առջեւ ծառացած խնդիրը շատ աւելի խորքային բնոյթ ունի, քան` իշխանութեան կամ առանձին քաղաքական որոշումների հարցը: Խօսքը պետականութեան մոտելի մասին է: Հայաստանը պէտք է ընտրի` դառնալո՞ւ է արտաքին ուժային կենտրոնների ճնշումների տակ մշտապէս նահանջող եւ սեփական ինքնութիւնից աստիճանաբար հրաժարուող վարչական միաւոր, թէ՞ փորձելու է ձեւաւորել երկարաժամկէտ ազգային ռազմավարութիւն` հիմնուած ուժեղ պետականութեան, ազգային համախմբման եւ քաղաքական կամքի վրայ:

Սա պատերազմի եւ խաղաղութեան միջեւ ընտրութիւն չէ, այլ` աստիճանական թուլացման, ոչնչացման եւ վերականգնման միջեւ ընտրութիւն,  որովհետեւ իրականում միայն ուժեղ պետութիւններն են կարողանում երկարաժամկէտ խաղաղութիւն ապահովել: Միայն կազմակերպուած հասարակութիւններն են կարողանում կանխել նոր պատերազմները: Եւ միայն ազգային նպատակ ունեցող ժողովուրդներն են կարողանում պահպանել իրենց պետականութիւնը պատմական ծանր շրջափուլերում:

Հայաստանի ապագան չի կարող կառուցուել ինքնաժխտման վրայ: Այն պէտք է կառուցուի սթափութեան, ուժի, կազմակերպուածութեան եւ ազգային ինքնագիտակցութեան վրայ: Ոչ թէ նոր պարտութիւններից խուսափելու եւ գոյատեւման տրամաբանութեամբ առաջնորդուելու, այլ` պետական կարողութիւնների ամրապնդման եւ նոր յաջողութիւններ ու յաղթանակներ ապահովելու համար: Ոչ թէ տարածաշրջանային անկայունութեան միջավայրում արտաքին «բարեհաճութեանը» ապաւինելու, այլ` հայկական պետականութեան անվտանգութիւնն ու կենսունակութիւնը սեփական ուժերով ապահովելու համար: Ոչ թէ անցեալի մէջ փակուելու, այլ` յստակ տեսլական ձեւաւորելու եւ ապագայի նկատմամբ քաղաքական պատասխանատուութիւն ստանձնելու համար:

 

 

Leave a Comment