Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը նախագահական համալիրում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
Ինչպես հայտնում է Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, հանդիպման առանցքում եղել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլը։ Կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունությանը, անվտանգությանը և Հարավային Կովկասում կապուղիների ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հեռանկարներին։
Անկարա կատարած իր այցի արդյունքներով կիսվել է նաև Մագդալենա Գրոնոն՝ տեղի ունեցած քննարկումները որակելով հետաքրքիր և ոգեշնչող։ Ըստ ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ բանակցությունների կենտրոնում եղել են տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերն ու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվող շարունակական դրական զարգացումները։
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ միասնական ջանքերով ամրապնդելու խաղաղությունն ու համագործակցությունը ողջ Հարավային Կովկասում։
