Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող իր ստորգետնյա հրթիռային բազաների ճնշող մեծամասնության հասանելիությունը, հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին։
Ըստ կայքի՝ 33 բազաներից 30-ն արդեն վերագործարկվել են, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում։
Ըստ լրատվամիջոցի՝ երկիրը դեռևս տիրապետում է նախապատերազմյան հրթիռային զինանոցի և շարժական կայանների շուրջ 70%-ին։ Այս տեղեկատվությունը կտրուկ հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրապարակային հայտարարություններին՝ իրանական բանակի ջախջախիչ պարտության վերաբերյալ։
Ամերիկյան պաշտոնյաները փակ դռների հետևում զգուշացնում են, որ Իրանի պահպանված ռազմական կարողությունները, ներառյալ բալիստիկ և թևավոր հրթիռները, իրական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմանավերի և նավթատարների համար։
Նշվում է նաև, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն սպառել են կարևորագույն զինամթերքի զգալի պաշարներ, ինչը կարող է բարդացնել իրավիճակը հրադադարի հնարավոր խախտման դեպքում։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։
