Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Մենք վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը ուղղել ենք նաև դեպի Ենթասահարական Աֆրիկա։ Եվ այդ համատեքստում շատ կարևոր է Գանայի դերը՝ որպես մայրցամաքի կայունությունն ապահովող և նաև Աֆրիկյան միությունում կարևորագույն ազդեցություն ունեցող երկիր։
Այնպես որ, շնորհավորում եմ նաև այն առումով, որ այժմ ունենք դեսպան, որը պատրաստակամ կլինի աշխատել այս ուղղությամբ և առաջ տանել մեր համագործակցությունը»
,- նշել է Հանրապետության նախագահը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, թանկարժեք մետաղների և քարերի մշակման, ինչպես նաև այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի և կրթական կապերի զարգացման հեռանկարներին։
«Շնորհակալություն, պարոն նախագահ, այս հնարավորության համար։ Մենք մշտապես բաց ենք ձեր երկրի նման երկրների հետ համագործակցության հնարավորությունների իրագործմանը»,– նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով կապերի ամրապնդման հնարավորություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: