Խոսքը, մասնավորապես, դեսպանատներին առընթեր դպրոցների բացման մասին է։ Այսինքն, նախատեսվում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը կից բացել ադրբեջանական, Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը կից՝ ռուսական դպրոց։ Բացի այդ քննարկվում է Բաքվում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հիման վրա համատեղ համալսարան հիմնադրելու, ինչպես նաև Ռուսաստանի տեղեկատվա – մշակութային կենտրոնի վերականգնման հեռանկարը։ Ռուսաստանը և Ադրբեջանը մտադիր են նաև փոխադարձաբար իրենց տարածքում «պետական ակնառու գործիչների հուշարձաններ կանգնեցնել»։
Բաքվում ավելի քան տասը տարի է, գործում են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Առաջին բժշկական համալսարանի մասնաճյուղերը։ Առաջինը գլխավորում է Մեհրիբան Ալիևայի քույրը՝ Նարգիզ Փաշաևան, երկրորդը հիմնադրվել է ի պատիվ Ադրբեջանի առաջին տիկնոջ․ նա ավարտել է Մոսկվայի Առաջին բժշկական ինստիտուտը։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հիման վրա համատեղ բուհի հիմնադրման ծրագիրը, անկասկած, տուրք է ՌԴ նախագահին, որ այդ համալսարանի շրջանավարտ է։
Ինչ վերաբերում է պետական ակնառու գործիչների հուշարձաններին, ապա ակնհայտ է, որ խոսքը Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձանը կամ կիսանդրին կանգնեցնելու մասին է։ Հեյդար Ալիևը խորհրդային ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ էր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, շուրջ հինգ տարի զբաղեցրել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, եղել ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ։
Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ վերջերս Լուբյանկայի հրապարակը կրկին ստացել է Ձերժինսկու անունը, կանգնեցվել է «երկաթե Ֆելիքսի» արձանը և ոչինչ չի խանգարի, ավելին՝ Ռուսաստանի իշխանությունների դավանած արժեհամակարգին միանգամայն հարիր կլինի, եթե Մոսկվայի փողոցներից մեկին տրվի Հեյդար Ալիևի անունը և կանգնեցվի նրա կիսանդրին։
Իսկ ահա Բաքվում «Ռուսական տան» վերաբացումը խնդրահարույց է, քանի որ այն անցյալ տարի փակվել է այն հիմնավորմամբ, որ «աշխատակիցները ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության լրտեսներ» են։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործ է հարուցել։
Նրան առաջադրված է Կրեմլի օգնությամբ «սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու» մեղադրանք։ Եթե «Ռուսական տունը» վերադառնում է Բաքու, պետք է ենթադրել, որ այդ գործը պիտի փակվի։ Այդ դեպքում կալանքից պետք է ազատվի նաև ընդդիմադիր Ժողճակատի առաջնորդ Քերիմլին։ Ռուս-ադրբեջանական քննարկումներից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե Կալուգինի նշած ծրագրերը վաղը իրականություն են դառնալու։ Բայց Մոսկվա- Բաքու արժեհամակարգային ընդհանրության անոնսը զգաստացնող է։