Փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով մայիսի 8-ից սկսած քարոզարշավին, հայտարարել է, որ իշխանությունների ստեղծված իրավիճակում խաթարվել է քաղաքական պայքարի հավասարությունը։
«Երբ մի ուժի առաջնորդն ազատ է, իսկ մյուսինը՝ զրկված քաղաքացիների հետ շփվելու հնարավորությունից, դա միջազգային իրավական երաշխիքների խախտում է»,- ասել է նա Armenia Today-ին։
Վարդևանյանը մեկնաբանել է նաև Ազգային ժողովի (ԱԺ) խոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այն մասին, թե վերջինս խոչընդոտներ չի տեսնում ընդդիմության կողմից քարոզարշավ իրականացնելու հարցում։ Վարդևանյանն անդրադարձել է նաև ԱԺ խոսնակի կողմից
Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հանաստանին» վերագրվող ձայնագրությունները հրապարակելուն։
Փաստաբանն ընդծել է, որ «Ուժեղ Հանաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի խափանման միջոցը չփոփոխելն արդեն իսկ քաղաքական ուղղորդման ցուցիչ է։ Նրա խոսքով՝ տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանին ճաղավանդակներով մեքենայով ուղեկցելը խտրական և վրեժխնդրության տարրեր պարունակող մոտեցում է։
Անդրադառնալով գաղտնալսումներին՝ Վարդևանյանը հայտնել է, որ դրանք հաճախ լինում են մոնտաժված և օգտագործվում են որպես «սև փիառի» գործիք։
Նա նշել է, որ ձայնագրության մեջ հիշատակվում է, թե, իբր, իրենց ուժը Հանրապետության հրապարակում հանրահավաք է իրականացրել, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Վարդևանյանը հարց է բարձրացրել, թե ինչու նույն հետևողականությամբ վարույթային գործողություններ չեն իրականացվում իշխանական ներկայացուցիչների մասնակցությամբ աղմկահարույց պատմությունների (օրինակ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից «տեսախցիկ նվիրելու» դեպքի) վերաբերյալ։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստին ներկայացնելու են դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ առկա ընթացակարգային որոշումները կասկածի տակ են դնում դատարանի անկողմնակալությունը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ վերացվել է միայն հանդիպումների սահմանափակումը։
