Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր կաբինետի որոշ նախարարների պահանջներին ի պատասխան, որ պետք է հրաժարական տա, հայտարարել է, որ իրեն պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ իրավական գործընթաց դեռ չի սկսվել, ուստի ինքը կշարունակի կառավարել երկիրը՝ չնայած ներկուսակցական աճող ճնշումներին, հայտնել է The Guardian-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ իրավիճակը սրվել է կառավարության անդամների հրաժարականների ֆոնին։ Պաշտոնից արդեն հեռացել են ներքին գործերի նախարարության կրտսեր նախարար Ջես Ֆիլիպսը և համայնքների հարցերով նախարար Միատա Ֆանբուլեն՝ քննադատելով վարչապետին հանրության վստահությունը կորցնելու և երկրում սպասվող փոփոխությունները չիրականացնելու համար: Ընդհանուր առմամբ, ավելի քան 80 պատգամավոր կոչ է արել Սթարմերին նշել պաշտոնից հեռանալու հստակ ժամանակացույցը։
Կաբինետի նիստի ընթացքում Սթարմերը փաստացի «մարտահրավեր է նետել» իր հավանական մրցակիցներին, այդ թվում՝ առողջապահության նախարար Ուես Սթրիթինգին՝ հասկացնելով, որ կհեռանա միայն պաշտոնական գործընթաց սկսելու դեպքում: Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ վարչապետը թույլ չի տվել քննադատներին արձագանքել իր ելույթին՝ օրակարգն անմիջապես տեղափոխելով Մերձավոր Արևելքի շուրջ հարցերին և տնտեսական խնդիրներին։
Վարչապետի դաշնակիցները, ներառյալ պաշտպանության նախարար Ջոն Հիլին և տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը, հրապարակավ աջակցություն են հայտնել Սթարմերին՝ ընդգծելով ներկա գլոբալ ճգնաժամերի պայմաններում քաղաքական կայունության պահպանման կարևորությունը: Նրանց խոսքով՝ կառավարության ներսում նոր անկայունությունը չի բխում Բրիտանիայի շահերից, և կաբինետը պետք է կենտրոնանա ընտրողներին տված խոստումների կատարման, այլ ոչ թե՝ ներքին պայքարի:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մայիսի 3-ին ժամանել էր Հայաստան, որտեղ մասնակցություն ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին։
