Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ ուղղված խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին և սոցիալական հարթակներին։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը միջոցներ է ձեռնարկում TikTok-ի դեմ՝ կապված հարթակի «կախվածություն առաջացնող դիզայնի» հետ, ներառյալ անվերջ սքրոլինգը, ավտոմատ նվագարկումը և ծանուցումների համակարգը։
Նմանատիպ մտահոգություններ են հնչել նաև Meta ընկերության հասցեին։ Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ Instagram-ն ու Facebook-ը չեն կարողանում արդյունավետորեն վերահսկել 13 տարեկանի տարիքային շեմի պահպանումը։
Բացի այդ, պաշտոնական վարույթ է սկսվել X հարթակի դեմ՝ կապված Grok արհեստական բանականության կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութերի ստեղծման և տարածման հետ։
«Սա տեխնոլոգիական ընկերությունների միտումնավոր ընտրությունն է՝ երեխաների հաշվին գումար վաստակելու համար»,- շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
