Արագածոտնում 5-ամյա երեխան խորովածի «մանղալ»-ի վրա բենզին է լցրել և հրկիզել

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այրվածքներով մի երեխա տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», հայտնում է  Past.am՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին։

Ըստ ստացված տվյալների՝ երեխայի մոտ ախտորոշվել են դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ՝ մարմնի մոտ 20 տոկոս մակերեսով։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի 5-ամյա բնակիչ Կ․ Մ․-ն է։

Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում երեխան իրենց տան բակում խաղալիս մանղալի վրա բենզին է լցրել և այն հրկիզել, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքները։

Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Leave a Comment