ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:
Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին ԹՐԻՓՓ նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։
