Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռիզվան Նաբիևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի՝ հնչեցրած մտքերը նախազգուշացում են Հայաստանի քաղաքական շրջանակներին։
Պատգամավորի խոսքով՝ Զանգիլանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևի արված հայտարարությունները կարելի է համարել պետականության համար պայքարի ռազմավարական մանիֆեստ և նոր աշխարհաքաղաքական իրողությունների ցուցիչ։ Նաբիևը շեշտել է, որ ուղերձները կարևոր են թե՛ ժամանակի, թե՛ տարածության առումով։
Ըստ նրա՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ալիևի խոսքերը նախազգուշացում են Հայաստանի ռևանշիստների և արտաքին ուժերի համար՝ ընդգծելով Ադրբեջանի ռազմական ուժն ու պրագմատիկ քաղաքականությունը։
Բացի այդ, Ռիզվան Նաբիևը քննադատել է Ֆրանսիայի քաղաքականությունը՝ նշելով, որ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ազդեցությունը կորցրած Փարիզը փորձում է ներթափանցել Հարավային Կովկաս։
«ՀՀ կառավարությունն այժմ փորձում է փոխարինել երկրի վաղուց կատարած ֆորպոստային գործառույթը՝ դառնալով ֆրանսիական նեոգաղութատիրության հարթակ։ Չնայած Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա «կայսրությունների միջև մրցակցության ասպարեզ», նա Հայաստանում վարում է ռազմականացման քաղաքականություն։ Զգոն եղեք, դեռ կա ժամանակ և հնարավորություն դասեր քաղելու պատմությունից, դադարեցնելու հովանավորների որոնումները և վարելու քաղաքականություն՝ համապատասխան Ադրբեջանի կողմից ստեղծված նոր քաղաքական իրողություններին»,- եզրափակել է պատգամավորը։