Իրանը բացառել է հարստացված ուրանի դուրս բերումը երկրից և հայտնել է իր պատրաստակամությունը ինքնուրույն նվազեցնել իր հարստացման մակարդակը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հսկողության ներքո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera-ին։
Իրանական կառավարական գործակալությունների աղբյուրի համաձայն՝ «ԱՄՆ-ն պահանջել է ուրանի հարստացման 20-ամյա դադարեցում, սակայն Թեհրանը մերժել է այս պայմանը»: Իրանը, ընդգծել է նա, հայտարարել է, որ «ինքնուրույն կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը»:
Նույն աղբյուրի համաձայն՝ «Վաշինգտոնը մերժել է իրանական բարձր հարստացված ուրանը Ռուսաստանին փոխանցելու գաղափարը և որպես հնարավոր ստացող առաջարկել է երրորդ երկիր»:
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
