ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել:
Ըստ ՀԿԿ-ի՝ Սափեյանն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը:
«Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 2-ին «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում, ըստ որի՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է 370 000 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30 000 ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։
Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30 000- 40 000 դրամից մինչև 100 000 դրամի չափով։ Համայնքապետը նաև փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաև 54 160 դրամի չափով դեղորայքի գումար։
Թերթը հիշցրել է, որ համայնքապետը որոշել է սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը և գործում է բարեգործության արգելքը։
Ավելի ուշ Սափեյանը հայտարարել է, որ աջակցությունը Թալինում բաժանվել է խոցելի խմբերին և այդ ծրագիրը 4 տարի է՝ գործում է։ Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվել է տարբեր ուղղություններով և տարբեր չափերով՝ սննդի ու դեղորայքի ձեռքբերումից մինչև բժշկական օգնություն և կյանքի դժվար իրավիճակների հաղթահարում։
