Թբիլիսիում կայացած ընդլայնված եկեղեցական ժողովը միտրոպոլիտ Շիոյին ընտրել է Համայն Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ միտրոպոլիտը, որը զբաղեցնում էր հանգուցյալ կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի տեղապահի պաշտոնը, ժողովում, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում, ստացել է 39 մասնակիցներից 22-ի ձայնը: Նոր պատրիարքը կկրի Շիո III անունը (աշխարհիկ անունը՝ Էլիզբար Թեյմուրազովիչ Մուջիրի):
Նա ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում: 1991 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի երեք կուրս: 1998 թվականին ավարտել է Բաթումիի աստվածաբանական սեմինարիան, հեռակա ուսումը շարունակել Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայում, իսկ 2005 թվականին՝ Մոսկվայի Սուրբ Տիխոնի անվան ուղղափառ հումանիտար համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը: 2003 թվականին Շիոն ընտրվել է Սենակիի և Չխորոցկու թեմի եպիսկոպոս, 2009 թվականին՝ ստացել արքեպիսկոպոսի, իսկ 2010 թվականին՝ միտրոպոլիտի աստիճան։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը վախճանվել էր Թբիլիսիում մարտի 17-ին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցավակցություն էր հայտնել նրա մահվան կապակցությամբ։
