ՀՀ էկոնոմիայի նախարարությունը հայտնել է Wildberries միջազգային առցանց հարթակում Հայաստանում արտադրված և մակնշված ապրանքներ վաճառելու համար անհրաժեշտ քայլերը։
Նախարարությունը հայտնել է, որ Wildberries -ի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։
Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում անհրաժեշտ է համապատասխանության սերտիֆիկատ և որակի հայտարարագիր։ Այլ ապրանքների դեպքում պահանջվում է ծագման սերտիֆիկատ կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը։
ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար պետք է ներկայացվի մաքսային հայտարարագիր։
Նախարարությունը կոչ է արել նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։
Ապրիլի 30-ին գործարարները հայտնել էին, որ Հայաստանի տնտեսվարողները չեն կարողանում Wildberries և Ozon հարթակներով վաճառքներ իրականացնել։ Տնտեսվարողները նշել էին, որ ընկերությունն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության։
Մայիսի 8-ին Wildberries-ը հայտնել էր Հայաստանում արտադրված և մակնշված ապրանքների վաճառքի փուլային վերականգնման մասին։ Ընկերությունը նշել էր, որն հայկական ապրանքների մի մասի մատակարարումները բախվել էին լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների: Դա, ըստ ընկերության, պայմանավորված էր մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելով և վաճառողների կողմից ապրանքների ծագումը հաստատող լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությամբ:
