Նոյյան տապանն եմ կառուցելու՝ 134-137 մետր երկարությամբ ու անձնակազմով․ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Հայ կնոջ» արձանի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռնամուխ է լինելու «Նոյյան տապանի» նախագծի իրականացմանը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա մանրամասնել է, որ 134-137 մետր երկարություն ունեցող տապանի կերտվածքը համալրված է լինելու իր աստվածաշնչային անձնակազմով՝ Նոյ նահապետով, նրա կնոջով, որդիներով, հարսներով և զույգ կենդանիներով։

«Գործն է մնայուն, փողի չափը, թե ով ինչքան ունի, ոնց եկել է, այնպես էլ գնալու է։ Մենք պետք է կարողանանք մեր պատմությունը կյանքի կոչել։ Պետք է մեր երկրի պատիվն ավելի բարձր պահենք, մեր ժողովրդին ավելի շատ մարդ ճանաչի։ Ով անցյալը մոռացավ՝ ներկա չի կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքական ուժի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագծի իրականացման համար համապատասխան վայրն արդեն ընտրված է, սակայն հստակ տեղանքը դեռևս չի հանրայնացվում։

«Ծառուկյան» հիմնադրամը 2022-ի օգոստոսին հայտարարել էր Հիսուսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին, կառավարությունը թույլտվություն էր տվել արձանը կառուցելուն: Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում՝ հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։

Սեպտեմբերի 4-ին Ծառուկյանը հայտնել էր արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկի մասին։ Սեպտեմբերի 16-ին նա տեղեկացրել էր, որ արձանն արդեն պատրաստ է և բաղկացած է 4 կտորից:

Leave a Comment