Վերջին տասնամյակում հայ կոմպոզիտորական արվեստի զարգացման միտումների, մարտահրավերների, ինչպես նաև ավանդույթի և արդի լեզվամտածողության փոխհարաբերությունների շուրջ զրուցում ենք ժամանակակից կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հետ։
«Հայ կոմպոզիտորական արվեստի՝ պատմական հենքի վրա հիմնված գիտելիքն ու արդի գործընթացները նկատելիորեն տարբերվում են։ Ժամանակն է ընդունելու, որ Հայաստան ներթափանցող նոր հոսանքներն այլևս մեր կոմպոզիտորական դպրոցի անխուսափելի մասն են կազմում։ Տարածված է այն տեսակետը, թե հայ կոմպոզիտորը պետք է կապված լինի ազգային արմատներին։ Եթե արվեստագետը չի տեղավորվում այդ բանաձևերի մեջ, նրան հաճախ չեն դասում հայկական դպրոցին, մինչդեռ նոր սերնդի համար այդ ձևակերպումներն այլևս արդիական չեն»,- նշում է Արամ Հովհաննիսյանը։
Նա ասում է, որ արդի կոմպոզիտորական տեխնիկաների գիտելիքները թույլ են տալիս վերաիմաստավորել Կոմիտասի թողած ժառանգությունը, նա, օգտագործելով ազգային երաժշտության դարբնոցը, այն դարձրեց համաշխարհային արվեստի անբաժան մաս։ Կոմիտասի երաժշտությունը տարբերվում է իր ժամանակակիցներից նրանով, որ այնտեղ առկա են մինիմալիստական և պրոցեսուալ երաժշտության հսկայական տարրեր, որոնք հետագա տասնամյակներում պետք է ավելի զարգանային։ Օրինակ՝ «Յոթ պարերի» «Կարնո շորորն» ունի այնպիսի ժամանակակից շերտեր, որոնք դեռևս վերաբացահայտման կարիք ունեն։ Հայ երաժշտությունն այսօր թերևս առավել բազմազան է, քան երբևէ՝ շնորհիվ Հայաստանում և արտերկրում գործող վառ անհատականությունների։
Հայ կոմպոզիտորական դպրոցը վաղուց արդեն տեղայնացված չէ։ Եթե նախկինում Փարիզը, Վիեննան կամ Բեռլինը համարվում էին ժամանակակից երաժշտության բացառիկ կենտրոններ, ապա այսօր այդ սահմանները հարաբերական են. անգամ Հարավային Ամերիկայում անցկացվում են հեղինակավոր փառատոններ՝ եվրոպացի առաջատար կոմպոզիտորների մասնակցությամբ։ Տեղայնության սահմանների ջնջումը բնորոշ է նաև հայ երաժշտությանը, որն այսօր ներկայանում է ոճական բազմազանությամբ, նոր գույներով և էլեկտրոաքուստիկ երաժշտության ներթափանցմամբ։ Ըստ Արամ Հովհաննիսյանի՝ այժմ քայլեր են ձեռնարկվում այս նոր մոտեցումները նաև կրթական համակարգ ներմուծելու ուղղությամբ։