Զինծառայության մասին օրենքում մի շարք փոփոխություններ տեղի կունենան – armeniatoday.am

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է տարկետումների տրամադրման լիազորությունների կենտրոնացում զինկոմիսարիատներում:

Փաթեթը նաև նախատեսում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների հետ պայմանագրերի լուծարման խստացված կարգ և Արցախից տեղահանվածների քաղաքացիության ստացման գործընթացի դյուրացում։

Նոր փոփոխություններով կին զինծառայողներն այսուհետ կարող են ներգրավվել ամենօրյա հերթապահություններում, իսկ Պաշտպանության նախարարը կսահմանի զինվորական համազգեստի ու տարբերանշանների կրման կանոնները։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ուսումնական և ընտանեկան պայմաններից ելնելով տրվող տարկետումների լիազորությունը վերապահվում է բացառապես զինկոմիսարիատներին։

Այս փոփոխությամբ դադարեցվում է մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասությունը՝ նպատակ ունենալով կենտրոնացնել և պարզեցնել վարչարարությունը։

Խմբագրվել են նաև արձակուրդների տրամադրման ժամկետները. մեկ տարով կամ վեց ամսով ծառայություն անցնողներին կհատկացվի 10 օրացուցային օր, իսկ մեկ ամսով ծառայողների համար արձակուրդ նախատեսված չէ։

Խստացվում են պայմանագրային զինծառայության դադարեցման հիմքերը հատկապես «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների համար։ Նախատեսվում է պայմանագրի միակողմանի լուծարում, եթե զինծառայողը մեկ տարվա ընթացքում հինգ անգամ ստանա կարգապահական տույժ։

Միաժամանակ, նախագծով հստակեցվում են սպայական պաշտոնների նշանակման և ծառայությունից արձակման կարգավորումները։

Հաշվի առնելով, որ շատ դեպքերում ծառայության վերաբերյալ փաստաթղթերը չեն պահպանվել, Արցախից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմումները չեն մերժվի միայն այդ հիմնավորմամբ։

Այս քայլը միտված է վերացնելու այն վարչական խոչընդոտները, որոնք առաջանում էին տեղահանված անձանց փաստաթղթավորման ընթացքում։

Leave a Comment