Ազգային ժողովը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ, սահմանվում են դիվանագիտական ծառայության կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները՝ ծառայության ընդունման, առաջխաղացման, դադարեցման, դիվանագիտական աստիճանների շնորհման, ինչպես նաև դիվանագետների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների կարգավորումները։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան նշել է, որ փոփոխությունները նպատակ ունեն լուծելու ոլորտում առկա խնդիրները, լրացնելու օրենսդրական բացերը և բարելավելու արտերկրում ծառայող դիվանագետների աշխատանքի ու վարձատրության պայմանները։
Նախագծով առաջարկվում է վերանայել դիվանագետների ռոտացիոն կարգը․ ԱԳՆ-ում կամ ենթակա մարմնում պարտադիր աշխատանքի նվազագույն ժամկետը 2 տարվանից կկրճատվի մինչև 18 ամիս։ Նախատեսվում է նաև դիվանագիտական գրասենյակների ստեղծման կարգավորում։
Փոփոխություններով հանվում է այն դրույթը, որով նույն դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետ ամուսիններից ավելի ցածր պաշտոն զբաղեցնողը ստանում էր փոխհատուցման միայն 50 տոկոսը։
Առանձին նախագծով նախատեսվում է հավասարեցնել արտերկրում և ԱԳՆ կենտրոնական համակարգում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը։
Վերանայվել են նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները․ առաջին ժամկետը կսահմանվի առավելագույնը 5 տարի, իսկ անընդմեջ երկու նշանակումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8 տարին։
Բացի այդ, նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու հնարավորություն և հստակեցվում են կադրերի ռեզերվում ընդգրկվելու ժամկետները։
