ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16 տարին լրացածների համար նույնականացման քարտը կդառնա պարտադիր․ ՆԳ նախարարի առաջարկը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

«Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,- ասել է Սարգսյանը:

6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փաթեթի ընդունումը Հայաստանին մոտեցնելու է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը: 

Leave a Comment