Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է հունսիս 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության կարգը։
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան քվեարկել բացառապես Հայաստանի տարածքում։
Խոսնակի փոխանցմամբ՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրատեղամասեր չեն բացվելու։ Այս օրենդրական կարգավորումը գործում է արդեն 14 տարի։
«ՀՀ քաղաքացին կարող է քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես ներկա է Հայաստանում՝ համաձայն երկրի գործող օրենսդրության»,- նշեց նա։
Խոսնակի պարզաբանմամբ՝ բացառություն են միայն այն քաղաքացիները, որոնք ծառայում են արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելություններում, երկարաժամկետ գործուղման մեջ են, արտասահմանում սովորող զինծառայողներ են կամ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները։ Նրանք հնարավորություն կունենան քվեարկել ընտրություններից մեկ շաբաթ առաջ:
«Նշված անձինք կկարողանան էլեկտրոնային եղանակով քվեարկել մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչև մայիսի 31-ի ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով)։ Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն»,- ասաց նա:
Նշենք, որ արտերկրում քվեարկողների շրջանակը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններով, որոնցով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն չի տրվում մասնակցել երկրի ընտրական գործընթացներին:
Armenia Today-ի թղթակցի հարցին՝ արդյոք քարոզարշավի անցած երեք օրերի ընթացքում քաղաքական ուժերի կողմից օրենսդրության հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումներ ստացվե՞լ են, ԿԸՀ ներկայացուցիչը հայտնեց, որ տեղեկատվությունն այս պահին ճշտվում է։
Ղուկասյանը խոստացավ քարոզարշավի մեկնարկից ի վեր ստացված դիմում-բողոքների և դրանց հետագա ընթացքի մասին հայտնել ավելի ուշ՝ ճշտումներ կատարելուց հետո։
Արաքսյա Սնխչյան
