Նեթանյահուն խոսել է իր ցանկության մասին

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է առաջիկա տասնամյակում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական ֆինանսավորումից ամբողջությամբ հրաժարվելու մտադրության մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համոզմամբ՝ երկիրը պետք է հաջորդ տասը տարիների ընթացքում քայլ առ քայլ դադարեցնի ԱՄՆ-ից ռազմական օգնության ստացումը։ Այս մասին նա հայտնել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես ցանկանում եմ զրոյի հասցնել ամերիկյան ֆինանսական աջակցությունը, մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը։ Որովհետև մենք տարեկան ստանում ենք 3,8 միլիարդ դոլար։ Եվ կարծում եմ՝ եկել է ժամանակն՝ աստիճանաբար հրաժարվելու մնացած ռազմական աջակցությունից», – ասել է Նեթանյահուն։

Անդրադառնալով գործընթացի ժամկետներին՝ վարչապետը հստակեցրել է, որ ծրագրում է դա իրագործել առաջիկա տասը տարում և մտադիր է գործընթացը սկսել հենց հիմա։

Հեռուստաալիքը նկատում է, որ Նեթանյահուն քաջատեղյակ է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աջակցության անկման մասին։ Համաձայն վերջին հարցումների՝ ամերիկացի չափահասների 60%-ը բացասական վերաբերմունք ունի Իսրայելի նկատմամբ։ Վերջին չորս տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է մոտ 20 կետով։

Leave a Comment