Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կավարտվի հանտավիրուսի մահացու բռնկման թիրախ դարձած հոլանդական զբոսանավի ուղևորների տարհանումը:
Տեներիֆե կղզուց հատուկ չվերթներով ուղևորները կտեղափոխվեն Ավստրալիա, Նիդերլանդներ, ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ նրանք կենթարկվեն թեստավորման և 42-օրյա կարանտինի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է վարակման 6 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով (Նիդերլանդների և Գերմանիայի քաղաքացիներ): Վարակակիրների թվում կան նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիներ:
«MV Hondius» նավը, որի վրա եղել է 147 մարդ, մարտին դուրս է եկել Արգենտինայից, եղել Անտարկտիդայում և Կաբո Վերդեում: Բռնկման մասին հայտնի է դարձել մայիսի սկզբին, երբ Յոհանեսբուրգում հոսպիտալացվել է նավից իջած բրիտանացի զբոսաշրջիկը:
Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն հազվադեպ դեպքերում հնարավոր է նաև մարդուց մարդ փոխանցումը («Անդես» շտամ):
Չնայած իրավիճակի լրջությանը, բժշկական փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել՝ նշելով, որ այս վիրուսը շատ ավելի քիչ վարակիչ է, քան COVID-19-ը և վտանգ չի ներկայացնում լայն հասարակության համար: Նավի անձնակազմը կմեկնի Նիդերլանդներ, որտեղ նավը կենթարկվի ամբողջական ախտահանման:
