Իրանի պատասխանն «անընդունելի է»․ Թրամփ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացրած կարգավորման առաջարկն «ամբողջությամբ անընդունելի է», գրել է NBC News-ը։

«Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Այն ինձ դուր չի գալիս»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի ուշ Press TV-ն գրել է, որ Թեհրանի առաջարկը նախատեսում է Իրանի ինքնիշխանություն Հորմուզի նեղուցի նկատմամբ և Վաշինգտոնի կողմից Իրանին ռազմատուգանքների վճարում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը նաև պահանջել է վերացնել պատժամիջոցները և վերադարձնել երկրի սառեցված ակտիվներն ու գույքը։ Թեհրանը հայտարարել է, որ իր առաջարկը վերաբերում է «իրանցի ժողովրդի հիմնարար իրավունքներին»։

Միաժամանակ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իրանն իր պատասխանում առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները և աստիճանաբար բացել Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար՝ ԱՄՆ-ի կողմից իրանական նավերի և նավահանգիստների շրջափակման վերացմանը զուգահեռ։ Ըստ պարբերականի՝ Թեհրանը միջուկային ծրագրի հարցերն առաջարկել է քննարկել հաջորդ 30 օրերի ընթացքում։

WSJ-ն նշել է, որ Իրանի պատասխանը չի բավարարել ԱՄՆ պահանջները՝ կապված միջուկային ծրագրի և բարձր հարստացված ուրանի պաշարների ճակատագրի հետ։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը։ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր ուղարկել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկի պատասխանը։

Leave a Comment