Եթե ԵՄ-ն ուժ ունենար, կարող էր օգնություն տրամադրել Հայաստանին դեռևս 2020 թվականին. Իլհամ Ալիև


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ եվրոպացի առաջնորդները դատարկ հայտարարություններ են արել իրենց վերջին՝ Երևան այցի ժամանակ:

Նա ասել է, որ եթե Եվրամիությունը ուժ ունենար, կարող էր օգնություն տրամադրել Հայաստանին դեռևս 2020 թվականին:

«Որոշ օտարերկրյա առաջնորդներ, որոնք այսօր գալիս են Հայաստան և ներկայանում են որպես երևակայական հերոսներ, 2020 թվականին իշխանության գլուխ էին իրենց երկրներում. ինչո՞ւ նրանք չեկան և չօգնեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դա դատարկ խոսակցություն է և ոչ ավելին», – ասել է Ադրբեջանի պետության ղեկավարը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ եվրոպացի առաջնորդների արած ամեն հայտարարություն դատարկ խոսակցություն է։ Ալիևը նշել է, որ հենց այդ պատճառով էլ այդ քաղաքական գործիչների վարկանիշը իրենց երկրներում կազմում է մոտավորապես 10-15%։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և շատ այլ առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ մասնակցեցին Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ալիևը հրաժարվել էր մասնակցել միջոցառմանը։


Leave a Comment