Մինչ իշխանությունները քաղաքական գործերով անցնող անձանց նկատմամբ ցուցադրում են գրեթե շուրջօրյա վերահսկողություն, պարզվում է՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում տնային կալանքի տակ գտնվող անձանցից արձանագրվել է 23 փախուստի դեպք։ Ավելին՝ Պրոբացիայի ծառայությունն անգամ վիճակագրություն չունի՝ այդ անձինք հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ, գրում, է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականին Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցով հաշվառվել է 2053 անձ, իսկ ներկայում տնային կալանքի տակ է գտնվում 951 մարդ։ Սակայն առավել ուշագրավը փախուստների վերաբերյալ տվյալներն են։
Պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց 23 փախուստի դեպք։ Այլ կերպ ասած՝ տնային կալանքի համակարգից մարդիկ պարզապես հեռացել են, որոշ դեպքերում կատարել կրկնակի հանցագործություններ։
Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Նախարարությունը փաստացի խոստովանում է, որ չի տիրապետում հետագա տվյալներին՝ քանի՞ փախուստի դեպք է բացահայտվել, քանի՞ անձ է հայտնաբերվել, քանի՞սն են մինչ օրս որոնվում կամ վերադարձվել վերահսկողության տակ։ Այս ամենի վերաբերյալ, ինչպես նշվում է պատասխանում, «վիճակագրություն հնարավոր չէ իրականացնել»։
Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ պետությունը մարդկանց տնային կալանքի տակ է պահում, սակայն նույնիսկ ամբողջական պատկեր չունի, թե այդ մարդկանցից քանիսն են փախել, որտեղ են գտնվում և արդյոք շարունակում են վտանգ ներկայացնել հանրության համար։
Բայց երբ խոսքը վերաբերում է սովորական քրեական գործերով անցնող անձանց, իրական վտանգավոր հանցագործներին, պատկերն այլ է․ մարդիկ փախչում են տնային կալանքից, իսկ համակարգը վիճակագրություն չունի նրանց ճակատագրի վերաբերյալ։
Ի վերջո, եթե տնային կալանքը ներկայացվում է որպես ազատությունից զրկման արդյունավետ այլընտրանք, ապա ինչպե՞ս է ստացվում, որ տասնյակ մարդիկ կարողանում են խախտել սահմանափակումները, իսկ պատասխանատու մարմինները չեն կարողանում հստակ պատասխանել՝ նրանք հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: